
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին առաջարկել են առաջիկա շաբաթների ընթացքում առանձին հանդիպումներ անցկացնել միջնորդների հետ:
Այդ մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի, ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահների հաղորդագրության մեջ, որը տարածվել է սեպտեմբերի 14-ին Փարիզում կայացած «ինտենսիվ խորհրդակցությունների» արդյունքներով:
Խորհրդակցություններին մասնակցել է նաեւ ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:
«Համանախագահները դիտարկել են իրավիճակը տարածաշրջանում՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով նոր իրողություններին, որոնք հետեւել են հուլիսյան սրմանը հայ-ադրբեջանական սահմանին:
Համանախագահները ուշադրությամբ դիտարկել եւ գնահատել են կողմերի հանրային եւ ոչ հանրային կերպով հնչեցված մտահոգությունները: ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչը տեղեկացրել է տեղում անվտանգային իրավիճակի մասին: Համանախագահները ողջունել են վերջինիս նախապատրաստական աշխատանքները՝ դիտարկումները վերսկսելու ուղղությամբ:
Համանախագահները առանձին հեռախոսազրույցներ են ունեցել Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների հետ եւ առաջարկել են նրանց առաջիկա շաբաթների ընթացքում առանձին հանդիպումներ անցկացնել միջնորդների հետ՝ իրենց դիրքորոշումները պարզաբանելու համար՝ նպատակ ունենալով վերսկսել լուրջ բովանդակային բանակցություններն առանց նախապայմանների», - ասված է միջնորդների հաղորդագրության մեջ: