Կայացան չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի առաջին խաղերը:

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում հայտնի դարձան փլեյ-օֆֆի առաջին մասնակիցները:

Դա Մյունխենի «Բավարիան» ու Թուրինի «Յուվենթուսն» են, որոնք 4-րդ տուրում տոնեցին թվով չորրորդ հաթանակը և ժամանակից շուտ անհասանելի դարձան խմբի վերջին երկու թիմերի համար:

Գերմանիայի չեմպիոնն իր հերթական խաղում սեփական դաշտում 5:2 հաշվով ջախջախեց պորտուգալական «Բենֆիկային»: Թիմի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հեթ-տրիկ գրանցեց` ընթացիկ մրցաշրջանում խփելով 20 գոլ 16 խաղում:

«Յուվեթուսն» իր հարկի տակ 4:2 հաշվով պարտության մատնեց ռուսական «Զենիթին»: Թիմի ավագ Պաոլո Դիբալան դուբլ ձևակերպեց և դարձավ թուրինցիների լավագույն ռմբարկուն ընթացիկ մրցաշրջանում` 6 գոլ:

Փլեյ-օֆֆից մեկ միավոր է բաժանում Լոնդոնի «Չելսիին», որը հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց շվեդական «Մալմյոյին» և վաստակեց 9 միավոր: Գործող գավաթակրին կարող է հավասարվել միայն «Զենիթը», եթե, իհարկե, այն վերջին երկու խաղերում հաղթի, իսկ անգլիացիները` պարտվեն:

Երկու խմբերում բոլոր թիմերը դեռևս շարունակում են պայքարել փլեյ-օֆֆի ուղեգրերի համար:

F խմբում աղյուսակը 7 միավորով գլխավորում է ավստրիական «Զալցբուրգը», որն այս տուրում կրեց անդրանիկ պարտությունը` հյուրընկալվելիս 1:2 հաշվով զիջելով գերմանական «Վոլֆսբուրգին»: Վերջինս և ֆրանսիական «Լիլը» 5-ական միավորով բաժանում են 2-3-րդ տեղերը: Իսպանական «Սևիլյան», որը ընթացիկ խաղում սեփական դաշտում անսպասելի պարտվեց ֆրանսիացիներին` 1:2, ունի 3 միավոր և դեռ պահպանում է 1/8 եզրափակիչ մտնելու հնարավորությունը:

G խմբում առաջին տեղը բաժանում են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Վիլյառեալը», որոնք ունեն 7-ական միավոր: Անգլիացիներն Իտալիայում մեծ դժվարությամբ ոչ-ոքի խաղացին «Ատալանտայի» հետ` 2:2, ընդ որում նրանց վերահաս պարտությունից փրկեց Քրիշտիանու Ռոնալդուն, որը խաղի վերջին գոլը խփեց մրցավարի կողմից ավելացրած ժամանակում: Ի դեպ, պորտուգալացի հարձակվողը մանչեսթերյան ակումբում խփեց իր թվով 126-րդ գոլը: Այդ ցուցանիշով նա հավասարվեց թիմի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերին, որը նախկինում չորս մրցաշրջան խաղացել է հենց Ռոնալդուի հետ: Իսպանական ակումբը սեփական դաշտում 2:0 հաշվով վստահ հաղթեց շվեյցարական «Յանգ Բոյզին»:

«Ատալանտան» 5 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը, իսկ «Յանգ Բոյզը» 3-ով չորրորդն է: Վերջինները երկու հաղթանակ տանելու դեպքում կարող են անգամ մտնել փլեյ-օֆֆ:

Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի մնացած խաղերը տեղի կունենան այսօր: Հատկապես սկզբունքային նշանակություն ունեն «Լիվերպուլ» - «Աթլետիկո» և «Շերիֆ» - «Ինտեր» հանդիպումները:

 

Աղբյուր՝ a1plus.am

283