Գյումրու բժշկական կենտրոնը հերքում է լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունը, թե, իբր, իր մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում նորածին երեխա է մահացել:

Գյումրու բժշկական կենտրոնը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտարարություն է տարածել, նշելով, որ լրատվամիջոցները «Գյումրու ծննդատանը երեխա է մահացել. հայրն այրել է ծննդատան նախասրահը» վերտառությամբ նյութեր են հրապարակել, ինչը, թյուրիմացաբար, ընկալվել է որպես նոր դեպք:

«Ինչ վերաբերում է նշյալ դեպքին՝ նկատենք, որ Ա. Մ.-ի երեխան 2006 թվականին ծնվել է թերքաշ։ Տեղափոխվելով այլ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք` առողջական խնդիրների պատճառով նորածինը մահացել է: Երեխայի հայրը պարբերաբար հիշելով դժբախտ դեպքն այցելում է Գյումրու ծննդատուն և կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծում:  Հերթական նմանատիպ դեպքը տեղի է ունեցել 2021 թվականի մարտի 6-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, ինչի մասին էլ կես տարի անց հայտնել են լրատվամիջոցները:

Տեղեկատվական դաշտում շփոթմունք չառաջացնելու համար լրատվամիջոցների մեր գործընկերներին խնդրում և հորդորում ենք տեղեկությունը հրապարակել լիարժեք՝ հասարակության մեջ շփոթմունք չառաջացնելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

471