«2020թ. հուլիսի 1-ից աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվում են երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության երեք ծրագրեր»,-այսօր՝ նոյեմբերի 8-ին «Արմենպրես» գործակալության ասուլիսի ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանն՝ անդրադառնալով երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի բարեփոխումներին:

Գայանե Ղարագյոզյանը նախքան բարեփոխումներից խոսելը հիշատակեց, որ աջակցության երեք ծրագրերից առաջինը` միանվագ դրամական աջակցության ծրագիրն է, որի շրջանակներում տրամադրվում է աջակցություն առնվազն երկու անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին, ովքեր պատրաստվում են մարզային բնակավայրում ձեռք բերել անշարժ գույք կամ կառուցել անհատական բնակելի տուն. «Այստեղ աջակցությունն ուղղվում է կամ կանխավճարի ֆինանսավորմանը, կամ եթե կանխավճարի կարիք չկա ուղղվում է մայր գումարի մարմանը: Երկրորդ ծրագիրը կանխավճարի ապահովագրության ծրագիրն է, որի շրջանակներում առնվազն մեկ անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին տրամադրվում է աջակցություն, որն ուղղվում է կանխավճարի տարեկան ապահովագրավճարի մարմանը: Եվ երրորդը՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագիրն է, որի շրջանակներում հիփոթեքային վարկ մարող ընտանիքներում նոր երեխա ծնվելու դեպքում տրամադրվում է ֆինանսական աջակցություն, որն ուղղվում է մայր գումարի մարմանը»:

Բանախոսի խոքով` այս ծրագրերը շարունակական են և բարեփոխումների շրջանակում հոկտեմբերի 14-ին կառավարության կողմից հաստատվեցին որոշ փոփոխություններ ու լրացումներ. «Առաջին փոփոխությունը վերաբերում է միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքերին: Եթե նախկինում աջակցությունը հաշվարկվում էր ըստ ծնունդի` մեկ երեխայի հաշվով` ապա այժմ աջակցությունը հաշվարկվում է միաժամանակ ծնված երեխաների թվին համապատասխան: Եվ արդեն ունենք վեց շահառու, որոնցից մեկը օրենքի հետադարձ ուժով է ստացել իր աջակցությունը, այսինքն ինքն արդեն նախկինում ստացել էր մեկ երեխայի համար և երկրորդի համար արդեն վերահաշվարկ արվեց: Եվ ունենք մեկ շահառու, որը վերջերս է դիմել, քանի որ ընտանքիում ծնվել է միաժամանակ երեք երեխա և մոտ օրերս նա կստանա իր աջակցությունը երեք երեխաների հաշվով»:

Բանախոսը հաստատեց նաև, որ զույգ ծնվի, թե եռյակ` արդեն ծնված երեխաների թվով է հաշվարկվում աջակցությունը: Գայանե Ղարագյոզյանն ընդգծեց, որ փոփոխությունը տարածվելու է ծրագրի մեկնարկից` 2020թ. հուլիսի մեկից սկսած բոլոր նման դեպքերի վրա: 
 

381