ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Իգոր Խովաևը (ՌԴ) և Բրիս Ռոքֆոյը (Ֆրանսիա) այսօր հայտարարություն են տարածել, որում, մասնավորապես, ասվում է․ «Համանախագահները նոյեմբերի 10-ին Փարիզում առանձին հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ:

Տեղի է ունեցել նաև համանախագահների համատեղ հանդիպումը երկու արտգործնախարարների հետ, որը բացել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։

Համանախագահները և արտգործնախարարները շարունակել են Նյու Յորքում սկսված քննարկումները մի շարք հնարավոր ապաէսկալացիոն միջոցառումների և գործընթացի հետագա քայլերի վերաբերյալ, ներառյալ՝ այս ձևաչափով հետագա հանդիպումները և համանախագահների առաջարկը՝ այց կատարել տարածաշրջան։ Համանախագահները և նախարարները քննարկել են նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։

Համանախագահները վերահաստատել են մարդասիրական հարցերում առաջընթացի հասնելու կարևորությունը, ներառյալ՝ գերիները, ականազերծումը, անհետ կորածները, տեղահանվածների կամավոր վերաբնակեցումն ու պատմական և մշակութային վայրերի պաշտպանությունը, և կողմերին կոչ են արել ապահովել միջազգային մարդասիրական կազմակերպությունների հասանելիությունը։ Համանախագահները նաև ընդգծել են սադրիչ գործողություններից և հռետորաբանությունից զերծ մնալու կարևորությունը»։

339