Հայաստանը կոչ է ուղղում միջազգային գործընկերներին խստորեն դատապարտել տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը լրջորեն վտանգող Ադրբեջանի գործողությունները։ Միակ լուծումը Հայաստանի Հանրապետության տարածքից ադրբեջանական զինված ուժերի անվերապահ և ամբողջական դուրսբերումն է։

Այս մասին նոյեմբերի 15-ին և 16-ին տեղական լրատվամիջոցներում մեկնաբանություններով հանդես է եկել Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը։ Նա նշել է․ «Մինչ Ադրբեջանը խոսում է խաղաղության մասին, այդ երկրի զինված խմբավորումները հարձակումներ են գործում Հայաստանի սահմանի արևելյան ուղղությամբ և ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ հանգեցնելով մարդկային կորուստների ու ավերվածությունների։ Սա հայկական տարածքներն օկուպացնելու ադրբեջանական կողմի հետևողական քաղաքականության շարունակությունն է, որը սկիզբ է դրվել այս տարվա մայիսին՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ներթափանցմամբ։

Դեսպանը նաև հավելել է, որ Հայաստանը ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն, իրավասու է բոլոր միջոցներով ետ մղել իր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուժի կիրառումը»։

Կարեն Նազարյանը իր մեկնաբանություններում անդրադարձել է հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց հարցին ու նշել, որ «կարևորում ու գնահատում ենք միջազգային մեր գործընկերների, այդ թվում` Սուրբ Աթոռի կողմից երկկողմ և բազմակողմ հարթակներում հարցը շարունակաբար վերհանելն ու Ադրբեջանին կոչ ուղղելը` միջազգային հումանիտար իրավունքի և եռակողմ հայտարարության շրջանակներում ստանձնած իր պարտավորությունների համաձայն ազատ արձակելու բոլոր գերեվարվածներին և պահվող քաղաքացիական անձանց, ովքեր գտնվում են այդ երկրի բանտերում»։

489