

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հետ Araratnews.am-ի տաղավարում քննարկել ենք նախարարության կողմից հանրային քննարկմանը ներկայացված ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, խոսել` հանրակրթության նոր չափորոշիչների ներդրման, հանրակրթական դպրոցներում նախատեսվող դասագրքերի բովանդակային փոփոխության, ուսուցիչների կամավոր ատեստավորման և այլ թեմաների շուրջ:
Փոխնախարարը մանրամասնեց, որ օրենքի փոփոխությունը, որը դրված է հանրային քննարկման, նոր չէ. «Մենք դեռևս ամռան սկզբին օրենքի փոփոխությունների մեկ տարբերակ տեղադրել էինք, և ճնշող մեծամասնությամբ սա նույն նախագիծն է` բացառությամբ դպրոցների կառավարման մասի, որտեղ առաջարկել ենք նոր լուծումներ, որը պայմանավորված է կառավարման արդյունավետությունը բարձրացնելու մտահոգությամբ»:
ԿԳՄՍ փոխնախարարը հանգամանալից ներկայացրեց, թե ինչ է ենթադրում այս փոփոխությունը, նշելով, որ, այս պահին գործող կարգի համաձայն, դպրոցի տնօրենը և կրթական մասի պատասխանատուն է, և ֆինանսական, իսկ նոր փոփոխությամբ առաջարկվում է ավելի արդյունավետ տարբերակ. «Ուսումնասիրել ենք տարբեր երկրների փորձը և գնացել այն ճանապարհով, որ գործառույթները տարանջատենք։ Այսինքն՝ ուսումնական հաստատության բովանդակային ղեկավարումը, կրթության որակի ապահովման, ուսումնական գործընթացի կազմակերպմանն ուղղված աշխատանքները տարանջատենք դպրոցի վարչատնտեսական ղեկավարումից»:
Ժաննա Անդրեասյանը նաև նշեց, որ «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով ամբողջությամբ փոխված են ուսուցիչների ատեստավորման, վերապատրաստման վերաբերյալ դրույթները, և լինելու է նոր ատեստավորման կարգ. «Ատեստավորումը միայն առաջին փուլն է, և ուսուցիչները շարունակաբար հնարավորություն են ունենալու աշխատավարձի բարձրացման»,- ասաց Անդրեասյանը:
Հայկ Մագոյան
Մանրամասները` տեսանյութում: