ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հոտընկայս հարգեցին երեկ Գեղարքունիքի մարզի սահմաններին  ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սկսված փոխհրաձգության ժամանակ զոհված ժամկետային զինծառայող Սուրեն Սաֆարյանի հիշատակը:

Հանձնաժողովը քննարկում է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցը: ԱԺ «Հայաստան» դաշինքը այս անգամ ևս ներկայացրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, անդրադառնալով սահմանային միջադեպերին, նշեց, որ այս պայմաններում նման օրակարգով արտահերթ նիստ հրավիրելը և այս հարցը քննարկելը ուղղակի տարօրինակ է: 

Մանուկյանի դիտարկմանն արձագանքեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը. «Պարոն Մանուկյան, ասում եք այս օրակարգով հավաքվելը տարօրինակ է: է, չներկայացնեիք պարոն Ղազինյանի թեկնածությունը: Դուք եք ներկայացրել թեկնածությունը, պարոն Մինասյանն է ներկայացրել պարոն Ղազինյանի թեկնածությունը: Էս օրակարգը ձևավորվել է պարոն Մինասյանի ստորագրությամբ»:

Նշենք, որ Արթուր Ղազինյանը 13-րդ անգամ չընտրվեց ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում:

507