Պարզվել են Երևան քաղաքի 27-ամյա բնակչի կողմից կատարված հանցագործությունների մի շարք հանգամանքներ:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 27-ամյա երիտասարդը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված լինելու պայմաններում 2021թ. մայիսի 24-ին վարել է առանց հաշվառման համարանիշների «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, ինչի համար այն կանգնեցվել է ոստիկանության աշխատակիցների կողմից և կազմվել համապատասխան արձանագրություն:

Այս մասին հայտնում են ՔԿ լրատվական ծառայությունից՝ նշելով, որ բացի այդ, ՀՀ ոստիկանության աշխատակիցները, ստանալով օպերատիվ տեղեկություններ, 2021թ. հուլիսի 29-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, մոտեցել են Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցում գործող բենզալցակայանի մոտ կայանված, 27-ամյա երիտասարդի կողմից վարվող «Մերսեդես-Բենս» մակնիշի ավտոմեքենային և օրենքով սահմանված կարգով ներկայանալով, նրանից պահանջել են իջնել ավտոմեքենայից:

Երիտասարդը չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին, իր կողմից վարվող ավտոմեքենայով դիտավորությամբ հարվածել է ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակցի ավտոմեքենային, նրանց հասցեին հնչեցրել բռնության գործադրելու սպառնալիքներ, ավտոմեքենան վարել ճանապարհին կանգնած ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ՝ իրական վտանգ ստեղծելով վերջիններիս առողջության համար:

Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում երիտասարդը բերման է ենթարկվել և անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է գործարանային արտադրության սառը զենք հանդիսացող որսորդական դանակ։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 1.1-ին մասով (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը) , 185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ծանրացուցիչ հանգամանքներում գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու), 316-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիք) և 235-րդ հոդվածի 4-րդ մասով (Ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրել):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է:

2046