Թշնամու կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 28 զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել։

Այս մասին հայտնում են ԶԱՀ-ից, մանրամասնելով, որ այսպիսով, հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4610 է, հատուցումների գումարը կազմում է ավելի քան 109 միլիոն ԱՄՆ դոլար։ Տվյալ թվից 416-ը հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020 թվականի պատերազմը:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ բացակայող, զինհաշմանդամության 1-ին և 2-րդ կարգ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:

Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրատվություններից, որոնք ստացվում են նաև Սփյուռքից։

Նշվում է, որ մինչև օրս ԶԱՀ-ը հավաքագրել է 130 միլիոն ԱՄՆ դոլար, որից 107 միլիոնը՝ պարտադիր վճարների տեսքով և 23 միլիոնը՝ նվիրաբերությունների տեսքով՝ աշխարհի ավելի քան 70 երկրներից։

464