Դրոշմանիշային վճարները պարտադիր ու ժամանակին կատարելու համար ՊԵԿ-ը հարկ վճարողների շրջանում իրազեկման տարբեր գործիքներ է կիրառում։ Դրոշմանիշային վճարը նախատեսված է զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովելու համար։ 

Չկատարված դրոշմանիշային վճարի գծով պարտավորությունները գանձելու նպատակով հարկային մարմնի կողմից հարուցվում են վարչական վարույթներ և կայացվում են գումարը գանձելու վերաբերյալ որոշումներ։ Պարտավորությունների գանձման որոշումները չկատարվելու դեպքում և անբողոքարկելի դառնալուց հետո ներկայացվում են ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ կատարման համար։

Վճարումների գործընթացն արագ կազմակերպելու համար ՊԵԿ-ը ներդրել է էլեկտրոնային կառավարման համակարգ։ Արդյունքում՝ էլեկտրոնային եղանակով կհարուցվեն վարչական վարույթներ և կկայացվեն որոշումներ չկատարված պարտավորությունների գանձման վերաբերյալ։ Էլեկտրոնային եղանակով  իրականացվող վարույթի փաստաթղթերը կտեղադրվեն հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում։ Սակայն այս եղանակով, եթե հարկ վճարողը 5 աշխատանքային օրվա ընթացքում չի իրազեկվում, վարույթի փաստաթղթերը տեղադրվում են Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում, որի մասին հարկ վճարողը ծանուցվում է հարկային մարմնում առկա իր էլփոստով։

Օրենսդրական փոփոխությամբ դրոշմանիշային վճարները նախկինում եղած 1000 դրամի փոխարեն այժմ հաշվարկվում են պրոգրեսիվ սանդղակով։ 

2019-2021 թթ. հարուցված վարչական վարույթների արդյունքում կայացվել են 3477 գանձման որոշումներ, և վերականգնվել է ավելի քան 1 մլրդ 233 մլն դրամ գումար։ 2019 թվականին 237 որոշումով վերականգնվել է 155 մլն, 2020 թվականին 1012 որոշումով՝ 167 մլն, իսկ 2021 թվականին կայացված 2228 որոշումների արդյունքում՝ վերականգնվել է շուրջ  910 մլն դրամ։

Այդուհանդերձ ՊԵԿ-ի տեղեկատվական բազայում դեռևս առկա են բազմաթիվ հարկ վճարողներ, ովքեր ունեն դրոշմանիշային վճարի գծով պարտավորություններ:

Պետական եկամուտների կոմիտեն նախազգուշացնում է՝ եթե որոշմամբ չկատարված պարտավորության գումարը գերազանցում է մեկ միլիոն հինգ հարյուր հազար դրամը, հարկային մարմինը կարող է իրականացնել գույքի արգելադրման աշխատանքներ։

Կոմիտեն հարկ վճարողներին հորդորում է՝ պատշաճ կատարել դրոշմանիշային վճարների գծով պարտավորությունները և խուսափել խնդիրներից։ 

140