Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը այսօր կառավարության նիստին ներկայացրեց մարզերում իրականացրած մի շարք սուբվենցիոն ծրագրերի ծախսերը։ 

Նախագծով առաջարկվում է համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2020-2021 թթ․ հավանության արժանացած և իրականացված կամ իրականացման փուլում գտնվող 36 համայնքների թվով 40 ծրագրերի համար պահուստային ֆոնդից հատկացնել 885 միլիոն 178 հազար դրամ։ 

40 ծրագրերվ նախատեսված աշխատանքները համայնքներն իրենց մասով ֆինանսավորել են, և պետության ֆինանսավորման անհրաժեշտություն է առաջացել։ Նշված ծրագրերից 4-ը 2020 թվականին է հաստատվել, 36-ը՝ 2021 թվականին։ 

Ընդհանուր գումարը 1 միլիարդ 872 միլիոն է, որից 885 միլիոնն է պետության մասնաբաժինը։ 

Ըստ մարզերի ունի հետևյալ բաշխվածությունը՝
Արարատի մարզ - 7 ծրագիր՝ 69 միլիոն դրամ
Արմավիրի մարզ - 7 ծրագիր՝ 241 միլիոն դրամ 
Գեղարքունիքի մարզ - 6 ծրագիր՝ 256 միլիոն դրամ
Կոտայքի մարզ - 8 ծրագիր՝ 152 միլիոն դրամ
Լոռու մարզ - 9 ծրագիր՝ 147 միլիոն դրամ 
Շիրակի մարզ - 3 ծրագիր՝ 18,5 միլիոն դրամ։ 

Նախարար Գնել Սանոսյանի՝ մի շարք մարզերում իրականացրած սուբվենցիոն ծախսերը ներկայացնելուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե որակի վերահսկման համար ինչ գործառույթներ է իրականացվել, և որքանով է նախարարը համոզված, որ սուբվենցիոն ծրագրերը պատշաճ որակով են իրականացվում։ 

«Նախարարությունը ունի համապատասխան աշխատակիցներ, որոնք մարզային գործընկերների և տեսչական գործընկերների հետ այցեր են կատարում համապատասխան շինհրապարակներ և ցավոք սրտի պետք է ասել, որ բավական դեպքեր ունենք, որտեղ հայտնաբերվում է նախագծային շինարարական թերություններ, ունենք դեպքեր, որոնք շտկելի են և շինարարներին տրվում է ժամկետ, որպեսզի շտկեն։ Կլինեն հստակ դեպքեր, եթե այն նորմերը, որոնք նախանշված են ու չբավարարվի, ապա այդ դեպքում շինարարները չեն վճարվի»,- հարցին պատասխանեց Գնել Սանոսյանը։  

391