«Նա ուշացած էր այս աշխարհ եկել կամ ժամանակից շուտ էր եկել։ Այսինքն, մարդու այն տեսակն էր, ում խփում են ամեն կարգի ժամանակները, հերոսականը՝ ավելի եռանդով, ոչ հերոսականը՝ ճղճիմությամբ, պատերազմականը՝ դաժանությամբ, ետպատերազմյանը՝ անտարբերությամբ, եւ նրանց համար ժամանակների լավն ու վատը չափվում է ցավի մեղմությամբ, ցավի ուժգնությամբ»։ Հենց այսպես էլ այսօր Ազատության հրապարակն էր պարուրված Վանո Սիրադեղյան մտավորականի ստեղծագործություններով:

Երևանն այսօր հրաժեշտ տվեց մեր պետության առանցքային կերպարներից մեկին՝ Հայաստանի պետական գործիչ, գրող, հրապարակախոս Վանո Սիրադեղյանին:

Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմնադիրներից մեկի ,Ղարաբաղ» կոմիտեի, Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) հիմնադիր և ղեկավար անդամ, նորանկախ Հայաստանի ներքին գործերի նախարար, Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին պատգամավոր Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը:

Վանո Սիրադեղյանի հրաժեշտի արարողությանը ներկա էին ընտանիքի անդամները, Հայաստանի Հանրապետության Կառավարության անդամները վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պետական, քաղաքական ու հասարակական գործիչներ, մտավորականներ, արվեստագետներ, ընկերներ ու պարզապես ծանոթ ու անծանոթ մարդիկ:

Յուրահատուկ մարդ, իրական հայ, տաղանդավոր ու մարդկային: Այսպիսին էր Վանո Սիրադեղյանը: Ճանաչողները ափսոսանքով, բայց միևնույն ժամանակ հպարտությամբ են հիշում նրան։

Վանո Սիրադեղյանի թողած ժառանգությունը մնալու է հավերժ և ուղեցույց է լինելու ներկա ու գալիք սերունդներին։

Մի կարևոր գույն պակասեց մեր կյանքից, պակասեց, բայց մնաց, գնաց, բայց մնաց պատմության մեջ։

Հիշեցնենք ` Վանո Սիրադեղյանը մահացել է հոկտեմբերի 15-ին; Վաղը դեկտեմբերի 4-ին հայրենի Կոթիում տեղի կունենա Վանո Սիրադեղյանի հուղարկավորությունը:

 

Հայկ Մագոյան

 

611