
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում ընթացող ՏԻՄ ընտրությունների ժամանակ այսօր Գավառի թիվ 19/5 տեղամասում քաղաքացին ընտրությունից հետո լուսանկարել է քվեաթերթիկը, որից հետո մոտ 20 րոպե հանձնաժողովը չի արձանագրել դեպքը։
Գավառում ՔՊ պատասխանատու Ռուստամ Սահակյանը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ որոշ վստահված անձինք խոչընդոտել են, որ հանձնաժողովը հենց սկզբից դեպքն արձանագրի՝ պնդելով, թե քաղաքացին չի լուսանկարել։ Լուսանկարը բացահայտվել է, և դեպքն արձանագրվել է, երբ ոստիկանները եկել են ընտրատեղամաս և բերման են ենթարկել քաղաքացուն։
Թե ում օգտին է քվեարկել քաղաքացին, հայտնի չէ։ Քվեաթերթիկն անվավեր է ճանաչվելու, այն այժմ հանձնաժողովի նախագահի մոտ է։
«Շատ վատ եմ գնահատում դեպքը։ Անգամ եթե մեր կուսակցությունից մեկը նման բան անի, անպայման պիտի պատժվի Քրեական օրենսգրքով։ Ժողովուրդն ուզում է արդար ընտրություն կատարել, էդ էլ չեն թողնում»,- ասաց Գավառում ՔՊ պատասխանատուն։