Հայաստանում մինչև տարեվերջ նախատեսվում է հիմնել ԱԹՍ կրթական լաբորատորիաներ, որտեղ 14-18 տարեկան երեխաները կկարողանան ԱԹՍ տեխնիկական սպասարկում և կառավարում իրականացնել:

Այս մասին «Հայկական Ժամանակի» հետ զրույցում ասում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը:

«Այժմ միայն Դիլիջանում գտնվող Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում է գործում մեկ ԱԹՍ կրթական աշխատանոց: Այդտեղ երեխաները ոչ թե ԱԹՍ են արտադրում, այլ ուսումնասիրում ԱԹՍ-ի տեխնիկական սպասարկումը և կառավարումը: ՀՀ տարածքում 14 տարեկանից մինչև 18 տարեկան այն երեխաները, որոնք նախնական ճարտարագիտական հմտություններ կստանան «Արմաթ»-ներում, կունենան համապատասխան ներուժ, հնարավորություն կստանան հաճախել այդ աշխատանոցներ»,-  ասում է Վարդանյանը:

Յուրաքանչյուր աշխատանոցում գործելու է 3 խումբ և միջինում հաճախելու է 27 երեխա: Նրա խոսքով՝ սա հնարավորություն կտա, որ 65 աշխատանոցի ներդրումից հետո տարեկան 1750 սան ունենա ԱԹՍ նախագծման, պատրաստման, տեխնիկական սպասարկման և ԱԹՍ-ների կառավարման համար գիտելիքներ: Նրանց մի մասը՝ մոտ 1400 հոգի, կգնա ժամկետային ծառայության:

Մեկ ԱԹՍ աշխատանոցի հիմնադրման փաթեթի արժեքը 6,5 մլն դրամ է, որում ներառվում է 7 թռչող սարք հավաքելու հնարավորություն, կլինի սարքավորում, որի միջոցով ինքնուրույն կստեղծեն ԱԹՍ-ների առանձին մասեր: Փաթեթում ներառված է նաև 2 խմբավարի պատրաստում՝ 100 ժամ տևողությամբ, ինչպես նաև մյուս տարի նախատեսվում է առաջին տեխնոլոգիական ճամբարը՝ ԱԹՍ-ների գծով:

ԱԹՍ լաբորատորիաներից բացի, «Արմաթ»-ը հիմնում է նաև կրթական լաբորատորիաներ, որտեղ 10-18 տարեկան երեխաները կուսումնասիրեն ռոբոտաշինություն, ծրագրավորում և եռաչափ մոդելավորում: Այս գիտելիքները երեխաները կկարողանան օգտագործել պրակտիկ աշխատանքում:

«Մենք 2012 թվականից աշխատում ենք լաբորատորիաների հիմնադրման ուղղությամբ: 2016 թվականից էլ մեծ թափ ստացավ դրա տարածվածությունը. մասնավոր ներդրումներով շուրջ 280 հատ լաբորատորիա հիմնվեց: Պետությունը 2014 թվականից ֆինանսավորում է: 2019 թվականից 3-4 ամիսների ընթացքում բյուջեի միջոցներով հիմնվել է ևս 284 լաբորատորիա: Օրինակ՝ Շիրակի, Լոռիի, Տավուշի մարզերի բոլոր դպրոցներում կան կրթական լաբորատորիաներ: Նախատեսվում է, որ Հայաստանի շուրջ 600 դպրոցում կլինեն այդ լաբորատորիաները: Այս տարի հնարավոր կլինի 14 լաբորատորիա հիմնել Սյունիքի մարզում: Բացի սպասվող 14-ից, նախատեսվում է հիմնել մինչև 20 լաբորատորիա: Այս տարի տեղադրվել է 39-ը»,- նշում է Վարդանյանը:

«Արմաթ»-ն ունի շուրջ 602 լաբորատորիաներ, որոնցից 22-ը՝ Արցախում, 8-ը՝ Ջավախքում, 2-ը՝ Հնդկաստանում: Երևանում 32 լաբորատորիա կա, ինչպես նաև նման լաբորատորիաներ ՀՀ մարզերում կան:

«Այս լաբորատորիաները մասնագիտական կողմնորոշման հնարավորություն են, ինչպես նաև տարածքային արտագաղթի նվազեցման դեմ միջոցառում: Ապահովում են երկրի անվտանգությունը, ինչպես նաև՝ տեխնոլոգիական բանակի ստեղծումը»,- նկատում է Վարդանյանը:  

Մեկ «Արմաթ» լաբորատորիայի հիմնադրման արժեքը 4,5 մլն դրամ է:

123