ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը Սպիտակ տնից բացման խոսքով հանդես կգա «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին, որը տեղի կունենա դեկտեմբերի 9-10-ը:
Ավելի քան 100 երկրի ներկայացուցիչ կմասնակցի համաժողովին: Համաժողովին կմասնակցեն նաեւ երկրների ղեկավարներ, օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, գործարարներ, ՀԿ-ների, բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Միջոցառումը տեղի կունենա տեսակապի միջոցով՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով:
«Ամբողջ աշխարհում ժողովրդավարական երկրները բախվում են նորանոր սպառնալիքների և աճող մարտահրավերների։ Աշխարհի գրեթե բոլոր տարածաշրջաններում նկատելի է ժողովրդավարության հետընթաց»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեան:
Այս գագաթնաժողովը ԱՄՆ-ը դիտարկում է որպես խթան աշխարհում ժողովրդավարական երկրների հրատապ խնդիրների լուծման համար։
Նշենք, որ գագաթնաժողովը մեկնարկում է այսօր՝ դեկտեմբերի 9-ին՝ Երևանի ժամանակով ժամը 17։00-ին: Հայաստանը նույնպես հրավիրված է համաժողովին:
Պատրաստեց` Լյուսիյա Պետրոսյանը