ՆԱՏՕ-ն հանդես է գալիս «նորմանդական ձևաչափով» Ուկրաինայի վերաբերյալ երկխոսության շարունակման օգտին և կարծում է, որ ռուսական ուժերի կենտրոնացումը այս երկրի սահմաններին խաթարում է Եվրոպայում անվտանգությունը։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Փարիզում Ֆրանսիայի ԱԳՆ-ի և Զինված ուժերի ղեկավարների հետ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։
«Այսօր մենք խոսեցինք Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական ուժերի կենտրոնացման մասին, որն ավելի ու ավելի մեծ լարվածություն է ստեղծում և խաթարում է Եվրոպայում անվտանգությունը»,- ասել է Ստոլտենբերգը։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ «կգործադրի բոլոր ջանքերը՝ հանդիպումը «նորմանդական ձևաչափով» անցկացնելու համար, քանի որ երկխոսությունը առանձնահատուկ կարևորություն է ստանում այս իրավիճակում, երբ լարվածությունը հատկապես բարձր է։