
«Գիտեք՝ ՀՀ-ն դիմել էր Սահմանադրական միջազգային դատարան դեռ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին՝ ներկայացնելով իրավական ընթացակարգեր նախաձեռնելու մասին հայցադիմում ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության` հիմնվելով ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի դրույթների վրա, մասնավորապես առաջնորդվելով կոնվենցիայի 22-րդ հոդվածի գործողությամբ»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
«Ներկայացվել էր նաև դիմում-պահանջ ՀՀ-ի կողմից՝ Ադրբեջանի նկատմամբ կիրառելու ժամանակավոր կամ հրատապ միջոցներ, մինչև գործի քննության ավարտը, որի նպատակով հոկտեմբերի 14-15-ին և 18-19-ին Հաագայում արդարադատության միջազգային դատարանի կողմից կազմակերպվեցին լսումներ»,- ասաց ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը:
Կիրակոսյանը նշեց, որ լսումներից հետո դատարանը հեռացավ որոշում կայացնելու և արդեն հայտնի է, որ դեկտեմբերի 7-ին դատարանը հրապարակեց 2 դիմումների վերաբերյալ իր որոշումները և ամրագրեց, թե ինչ քայլեր է ձեռնարկել. «Ընդհանրական կարելի է ասել, որ ՀՀ կողմից ներկայացված պահանջները բովանդակային առումով մեծամասամբ բավարարված են: Իհարկե, ՀՀ-ի կողմից պահանջները բովանդակային ուղղորդվում են միևնույն առարկայի նկատմամբ առնվազն 2 պահանջներով: Օրինակ՝ գերեվարված անձանց մասով ներկայացվել էր 2 պահանջ` հայրենադարձման ապահովում և մինչև հայրենադարձումը այդ անձանց նկատմամբ ռասայական խտրականության վերաբերյալ կոնվենցիայի խստիվ պահպանում»,- ասաց Կիրակոսյանը և հավելեց, որ եղել է պահանջ առահասարակ ռասայական, ատելության խոսքի, քարոզի դադարեցման մասին:
«Դատարանը Հայաստանի պահանջների վերաբերյալ մի քանի արձանագրում արեց: Հայատյացության մասով դատարանը չհամարեց, որ հայատյացության պահանջը բխում է ռասայական խտրականության վերացման մասին կոնվենցիայի կետերից: Այնուամենայնիվ, դատարանն ընդգծեց, որ ընդհանուր հայրենադարձման վերաբերյալ հարցերը կանոնակարգվում են Մարդասիրական իրավունքի կոնտեքստում»,- շեշտադրեց Կիրակոսյանը և հավելեց, որ դատարանը տարբերակում դրեց անձանց պահելու ռասայական մոտիվի առկայության և անձանց նկատմամբ վերաբերմունքի մոտիվի միջև: