Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը։

Այսօր պայաքարի մեջ կմտնի Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ։ Դեկտեմբերի 16-ին ժամը 15:00-ին 109 կգ քաշում կմեկնարկի Սիմոն Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ մեր մարզիկներից առաջինը Ռաֆիկ Հարությունյանն է մտել պայքարի մեջ։ Ռաֆիկը 81 կգ քաշային կարգում զբաղեցրել էր 8-րդ հորիզոնականը։

89 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը, որը պոկում վարժությունում նվաճել էր փոքր ոսկե մեդալ, հրում վարժությունում զրո ստացավ և չկարողացավ երկամարտի արդյունքում դառնալ մեդալակիր։

Հակոբ Մկրտչյանը 96 կգ քաշային կարգի A խմբում, երկամարտում գրանցելով 370 կգ արդյունք (163+207), զբաղեցրել է 8-րդ տեղը: Դավիթ Հովհաննիսյանը  96 կգ քաշային կարգի B խմբում, երկամարտում գրանցելով 370 կգ արդյունք (165+205), զբաղեցրել է չորրորդ տեղը:

Հայաստանի ներկայացուցիչ, 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել պոկում վարժությունում։ Գասպարյանը հաջող է կատարել միայն առաջին մոտեցումը՝ գլխավերևում պահելով 175 կգ կշռող ծանրաձողը:180 և 181 կգ-ն, որ պատվիրվել էին երկրորդ և երրորդ մոտեցման համար, Գասպարյանը չի կարողացել բարձրացնել։

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Արսեն Մարտիրոսյանը, պոկում վարժությունից հետո 4-րդ տեղով է ընթացել։ Մարտիրոսյանը ևս միայն առաջին մոտեցումն է հաջողությամբ ավարտել՝ պոկելով 170 կգ ծանրաձողը։ Ինչ վերաբերում է հրում վարժությանն, ապա այս վարժությունում մեր երկու ծանրորդներն էլ զրո են ստացել։ Գասպարյանը երեք մոտեցման արդյունքում չի կարողացել հրել 215 կգ կշռող ծանրաձողը, իսկ Արսեն Մարտիրոսյանը ձախողել է 210 կգ-ն:

Մինչև 81 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Տաթև Հակոբյանը երկամարտի 230 կգ արդյունքով (105 կգ և 125 կգ) ավարտել է իր մրցելույթները մրցաշարում՝ զբաղեցնելով մրցաշարում 5-րդ տեղը։

564