ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է ռեստորանային համալիրի գլխավոր մենեջերի կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երեւան քաղաքի 35-ամյա բնակիչը, 2019թ. օգոստոսից աշխատելով Արմավիրի մարզի Փարաքար համայնքում գտնվող ռեստորանային համալիրում՝ որպես գլխավոր մենեջեր, լիազորված լինելով հաճախորդներից ստանալ պատվերների գումարները եւ անձամբ մուտքագրել դրամարկղ, սպորտային խաղադրույքներ կատարելու եւ անձնական կարիքները հոգալու նպատակով, 2019թ. սեպտեմբերից մինչեւ նոյեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում իր աշխատանքային դիրքն օգտագործելով, ռեստորանային համալիր այցելած հաճախորդներից ստացել է ընդհանուր 4.654.800 ՀՀ դրամ գումար, որը չի մուտքագրել ռեստորանային համալիրի դրամարկղ՝ այդ կերպ հափշտակելով համալիրին պատկանող առանձնապես խոշոր չափերի հասնող դրամական միջոցները:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նշված ռեստորանային համալիրի գլխավոր մենեջերին մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

1472