Հոկտեմբերի 30-ից Առաջին ալիքի եթերում մեկնարկեց երաժշտական-ժամանցային նոր նախագիծ՝ միջազգային «The Masked Singer» շոուի հայկական տարբերակը՝ «Դիմակահանդեսը»։ Հեռուստաընկերությունը ձեռք բերեց հեղինակային իրավունքները՝ նկարահանելու եւ ցուցադրելու ամենամեծ դիտելիությունն ունեցող հանրահայտ շոուի իր տարբերակը՝ իհարկե, պահպանելով հիմնական միտքն ու ձեւաչափը։
Երգիչներ, դերասաններ եւ այլ ոլորտների հայտնի ներկայացուցիչներ նախագծի շրջանակում կերպարանափոխվեցին եւ անճանաչելի տեսքով ներկայացան ժյուրիի անդամներին, հանդիսատեսին ու հեռուստադիտողին։ Մրցութային փոքրիկ բաղադրիչն էլ ավելի է հետաքրքրացնում հաղորդման ընթացքը:
«Դիմակահանդես»-ի ժյուրիի կազմում հանդես եկան դերասան, հաղորդավար Խորեն Լեւոնյանը, երգչուհի Իվետա Մուկուչյանը, հաղորդավար, հումորիստ Գարիկ Պապոյանը եւ երգչուհի Սոնան։ Հաղորդումը վարում էր Ֆելիքս Խաչատրյանը։
Մրցակցությունը հաղթահարեց այն մասնակիցը, որին մինչեւ վերջ չբացահայտեցին «հետախույզները»՝ ժյուրիի անդամները։ Եվ այդ մասնակիցն էր Այլմոլորակայինը, ում դիմակի տակ թաքնված էր սիրված երգիչ Էրիկ Կարապետյանը: