Իսրայելի անվտանգության ուժերը ռետինե փամփուշտներով եւ արցունքաբեր գազ են կիրառել՝ ցրելու պաղեստինցի արաբների ցույցերը Հորդանան գետի արեւմտյան ափին գտնվող Նաբլուս քաղաքում: Հինգ մարդ վիրավորվել է ռետինե փամփուշտներից, եւս 92 տուժածի մոտ նկատվում են արցունքաբեր գազի հետեւանքով շնչահեղձության նշաններ, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով WAFA գործակալությանը։

Պաղեստինցիները բողոքել են իսրայելական իշխանությունների կողմից Սաբիհ լեռան վրա արաբներից բռնագրավված հողերում հրեա վերաբնակիչների համար տների կառուցման դեմ։ Սակայն ոստիկանական ուժերը փակել են նրանց ճանապարհը եւ ցրել ցույցը։

Գործակալության տվյալներով՝ բախումներ են տեղի ունեցել պաղեստինցիների եւ հրեա վերաբնակիչների միջեւ Քալքիլիայում եւ Արեւելյան Երուսաղեմում, որտեղ նույնպես տեղեկություններ են ստացվել տուժածների մասին։ Հեբրոնում Իսրայելի իշխանությունները ձերբակալել են վեց ցուցարարների։ Անվտանգության ուժեղացված միջոցառումներ են ձեռնարկվել Ջենինում, որտեղ ուժեղացվել են բանակի դիրքերը Հոմիշ բնակավայրի շրջակայքում։

Աղբյուր՝ news.am

560