Հյուսիսատլանտյան դաշինքը առաջիկա ամիսներին կարող է սկսել ուժեր կուտակել Ռուսաստանի սահմանների մոտ՝ Ուկրաինա ռուսական ներխուժման ենթադրյալ սպառնալիքի պատրվակով։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2021 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում։

«Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ այն ամպագոռգոռ հայտարարությունները, որոնք այժմ հնչում են Արևմուտքից, որ եթե Ռուսաստանը չենթարկվի Արևմուտքի պահանջներին, թե ինչպես վարվել իր տարածքում գտնվող զորքերի հետ, ինչն ինքնին անհեթեթ է, ապա հաջորդ երկու-երեք ամիսներին Արևմուտքը կավելացնի արագ արձագանքման ուժերի, ՆԱՏՕ-ի հատուկ գործողությունների ուժերի ակտիվությունը մեր սահմանների շուրջ»,- նշել է Լավրովը։

Լավրովը նշել է, որ ՆԱՏՕ-ին միացած երկրների տարածքները դաշինքի կողմից ակտիվորեն զարգացնում են ռազմական ճանապարհով։ «Եթե մեր առաջարկն ուղղված է ռազմական առճակատման նվազեցմանը, Եվրոպայում ընդհանուր իրավիճակի թուլացմանը, ապա Արևմուտքում տեղի է ունենում ճիշտ հակառակը.  նատօականները կառուցում են իրենց ցամաքային ուժերը, ավիացիան, որոնք անմիջականորեն հարում են Ուկրաինային, աճել է նաև Սև ծովում զորավարժությունների մասշտաբն ու թիվը վերջին ժամանակներս»,- ասել է նա։

 

361