
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մտադիր է այս տարվա շրջանավարտներին ավարտական վկայականների ու ատեստատների փոխարեն տրամադրել էլեկտրոնային փաստաթղթեր` անհատական QR կոդերով։
Այս մասին փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ մանրամասնելով.
«Սա նշանակում է, որ արդեն այս տարվանից ատեստատներն ու հիմնական կրթության վկայականները կտրվեն էլեկտրոնային եղանակով, դպրոցներում կկրճատվի վարչարարության զգալի ծավալ, կմեծանա գործընթացի թափանցիկությունը, օրակարգից դուրս կգա հետայսու ատեստատը կամ վկայականը կորցնել-վերականգնելու գործընթացը»,– գրել է նա։
Փոփոխությունը նախատեսվում է իրականացնել կառավարության համապատասխան որոշմամբ, որի նախագիծն արդեն ներկայացվել է հանրային քննարկման` մինչև 29.01.2022–ը, որից հետո, թերևս, կներկայացվի կառավարության հաստատմանը։
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման էլեկտրոնային հարթակում հրապարակված նախագծին հանրությունն առ այս պահը միայն կողմ է քվեարկել։