
ԱՄՆ հանրապետական կոնգրեսական Ջիմ Բենքսը ներկայացրել է Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցների նոր նախագիծ՝ հետեւում է ԱՄՆ Կոնգրեսի կայքից։ Նախագիծը քննարկման է ներկայացվել հունվարի 19-ին։ Նախաձեռնությանը աջակցել են եւս 38 կոնգրեսականներ։ Փաստաթղթի տեքստը դեռ պաշտոնապես չի հրապարակվել։
Ըստ Washington Post-ի՝ այն կոչվում է «Պուտինին պատասխանատվության ենթարկելու ակտը» և ներառում է հետևյալ կետերը.
—Դոնբասի «Ռուսաստանի աջակցությամբ» ուժերին ահաբեկիչներ հայտարարել և Ռուսաստանին ահաբեկչության հովանավոր ճանաչել,
—Ռուսաստանի պետական պարտքի հետ գործառնությունների արգելք,
—Հյուսիսային հոսք 2-ի դեմ ուղղված միջոցներ, ներառյալ հարակից կազմակերպությունները և նրանց բաժնետերերը,
—Դադարեցնել կիբերանվտանգության երկխոսության ֆինանսավորումը, քանի դեռ չեն ավարտվել ԱՄՆ գործակալությունների վրա հարձակումները,
—Ռազմավարական կայունության շուրջ երկխոսության ֆինանսավորման դադարեցում, քանի դեռ Ղրիմը մնում է ռուսական,
—Պատժամիջոցներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, կառավարության բոլոր անդամների, ինչպես նաև Ռուսաստանի պաշտոնյաների և անվտանգության պաշտոնյաների, այդ թվում՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի, նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի և այլ պաշտոնատար անձանց նկատմամբ,
—Պատժամիջոցներ լրագրողների նկատմամբ: Այդ ցանկում են «Россия Сегодня» և RT հեռուստաալիքների գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, հեռուստառադիոհաղորդավար Վլադիմիր Սոլովյովը և Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը:
Նախօրեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իր պաշտոնավարման տարեդարձին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է ընդունել Մոսկվայի դեմ սահմանափակումների նոր փաթեթ՝ Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման դեպքում։