Օմսկի մարզում սպանության կասկածանքով ձերբակալված դեռահասները խոստովանել են հանցանքը, հայտնում է Օմսկի մարզի ՔԿՀ-ի քննչական կոմիտեն։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Յուրևկա գյուղի տներից մեկում հայտնաբերվել են 35-ամյա կնոջ, նրա 10-ամյա հաշմանդամ դստեր և 38-ամյա տղամարդու դիերը՝ բռնի մահվան նշաններով։ Օպերատիվ աշխատակիցները պարզել են, որ հանցագործությունը կատարել են մահացած կնոջ 14-ամյա դուստրը և նրա 17-ամյա ընկերը։ Կասկածյալները ձերբակալվել են կիրակի օրը։ Ըստ քննիչների՝ 14-ամյա աշակերտուհին համոզել է իր 17-ամյա ընկերոջը սպանել մորն ու խորթ հորը, քանի որ վերջիններս դեմ են եղել իրենց ընկերությանը, ինչի պատճառով ընտանիքում լարված հարաբերություններ են ձևավորվել։ Զույգը մշակել է գործողությունների ծրագիր։ Սպանության գիշերը պատանին չկողպված դռնով մտել է տուն և դանակով մահացու հարվածներ հասցրել քնած մարդկանց։ Դրանից հետո սպանված կնոջ դուստրը, իր հետ տանելով վեցամյա եղբորը, եկել է հարեւանների մոտ և հայտնել, որ անծանոթ տղամարդը ներխուժել է տուն և սպանել ծնողներին։ Նա նաև ոստիկանությանը տրամադրել է «գիտակցաբար կեղծ տեղեկություններ նրա արտաքինի մասին», - ասվում է զեկույցում: Հետաքննության ընթացքում ոստիկանությունը կասկածել է աղջկա պատմությանը։ Հարցաքննությունների ժամանակ դեռահասները խոստովանել են իրենց արարքը, իսկ երիտասարդը ցույց է տվել, թե որտեղ է նետել սպանության զենքը։ Այս գործով նախաքննությունը շարունակվում է։

2262