Փետրվարի 8-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։ Վահե Ղազարյանը ողջունելով հյուրին՝ բարձր գնահատեց ՀՀ ոստիկանության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան արդյունավետ համագործակցությունը, որը վերջին տարիներին ավելի է զարգանում։ Ոստիկանության պետը ԱՄՆ դեսպանությանն ու Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակին շնորհակալություն հայտնեց աջակցության համար։ Վահե Ղազարյանը կարևորելով տիկին դեսպանի այցը ոստիկանություն՝ պատրաստակամություն հայտնեց համագործակցությունն ընդլայնելու համար։ ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշեց Հայաստանում պարեկային ծառայության ստեղծման և արդեն գրանցված արդյունքների մասին։ Լին Թրեյսին խոսեց պարեկային ծառայության ոստիկանների վերապատրաստման, Հայաստանի մարզերում ծառայության ներդրման և այդ ուղղությամբ ԱՄՆ աջակցության մասին։ Կողմերը մտքեր փոխանակեցին համագործակցության հետագա ուղղությունների մասին և քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ 

761