Տաշիր քաղաքում նախորդ տարվա դեկտեմբեր ամսին հինգ բնակարանային գողություն ու գողության փորձ էր եղել: Ձեռագիրը նույնն էր: Տուն էին մտնում հիմնականում պատուհանով, գողանում բացառապես փող ու ոսկի։

Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության լրատվական բաժինը: 

Դեկտեմբերի 20-ին, օգտվելով այն հանգամանքից, որ տանտիրուհին դուռը բաց էր թողել, Ավետիսյան փողոցի մի տնից փող էին գողացել:

Երեք օր անց Դպրոցականների փողոցի տներից մեկի պատուհանով ներս էին մտել և ննջարանից դարձյալ փող հափշտակել: Հաջորդ օրը նույն եղանակով Պուշկինի փողոցի մի տնից էին փող ու ոսկեղեն գողացել: Դեկտեմբերի 2-ին գաղտնի հափշտակության թիրախ էր դարձել Արցախի փողոցի մի տուն, որտեղից կրկին փող էին հափշտակել: Նույն օրը Կարեն Դեմիրճյան փողոցի մի տնից էին փորձել գողություն անել, բայց գործն ավարտին հասցնել չէր հաջողվել:

Տուժողներից ոմանք ոստիկանություն էին դիմել, ոմանք՝ ոչ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Տաշիրի քրեական հետախույզները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ գողությունները հնարավոր է արած լինի Տաշիր քաղաքի 42-ամյա մի բնակիչ:

Փետվարի 3-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Տաշիրի բաժին ու ներկայացվեց տարածքային նախաքննական մարմնին: 42-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել:
Նա կալանավորվել է:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

862