Վերջին ամիսների ընթացքում Երևան քաղաքում գրանցվել է հղի կնոջ՝ շան կողմից կծման միայն մեկ դեպք, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ի երեկոյան։ Լուրը Facebook-ի պաշտոնական էջում հայտնում է Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի մամուլի ծառայությունը և հերքում օրերս Facebook-ում տարածված այն տեղեկությունը, թե կինը հղիության  արհեստական ընդհատում է արել բժշկի ցուցումով, որովհետև երեխան կարող էր ունենալ կատաղության գեն։

Կենտրոնի հաղորդմամբ՝ ահազանգին անմիջապես ընթացք է տրվել, դեպքի վայր են ժամանել աշխատանքային մի քանի խմբերը՝ փոխտնօրենի և ծրագրի ղեկավարի հետ միասին։

«Կնոջ վրա հարձակված շները, որոնց մեծ մասը կլիպսավորված է եղել (հետևաբար նաև պատվաստված կատաղություն հիվանդության դեմ) տեղափոխվել են մեր կլինիկա և մինչ օրս գտնվում են հսկողության տակ։ Նշված գործողություններն արվել են կնոջ կյանքի և առողջության ապահովության նկատառումներից ելնելով։ Շներից ոչ մեկի մոտ անկում չի գրանցվել, հետևաբար նրանցից ոչ մեկը հիվանդ չէր կատաղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ մինչ օրս մշտական կապի մեջ են հղի կնոջ հարազատների հետ, տեղեկացված են նրա առողջական վիճակի մասին։ Վստահությամբ ասում են, որ կնոջ և երեխայի կյանքին ու առողջությանը որևէ վտանգ չի սպառնում, պատվաստումների կարիք էլ չի եղել։



 

404