Ռեմի Փանոսյանի ջազ տրիոն բացառիկ համերգներով հանդես կգա Երևանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ջազ տրիոյի համերգը ներկայացրել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, Ջազի հայկական ասոցիացիան և Հայաստանի պետական ֆիլհարմոնիան:

ֆիլհարմոնիայի տնօրեն Արտյոմ Նաղյանն այդ առիթով կայացած ասուլիսում նշեց, որ ուրախ են հյուրընկալել Ռեմի Փանոսյանի ջազ տրիոյին: Նա ընդգծեց, որ 2022 թվականին Առնո Բաբաջանյան համերգասրահում կկայանան բազմաթիվ այլ համերգներ, կհնչի հիմնականում դասական, ջազ և ժողովրդական երաժշտություն:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի խոսքով՝ երկու երկրների դեսպանությունների և ֆրանսիական մշակույթի մեջ այս համերգը նշանավոր իրադարձություն է լինելու:

«Գիտեմ, որ ջազն այստեղ շատ գնահատված և արժևորված ժանր է։ Այս ոլորտում շատ հայտնի երաժիշտներ կան։ Պետք է ցույց տալ նաև ֆրանսիական մշակույթը: Այս առիթով էլ հրավիրել ենք Ռեմի Փանոսյան տրիոյին: Չնայած տրիոյի դրա անդամների երիտասարդ լինելուն՝ տրիոն հարուստ փորձ ունի»,- նշեց դեսպանը: 

Դեսպանը Ռեմի Փանոսյան ջազ տրիոյի անդամներին որակեց նորարար և մի քիչ խենթ։ Նա առանձնացրեց, որ Տրիոն հրավիրում է մի անծանոթ և խենթ իրականություն, ու ինքը վստահ է, որ հայ հանրությունը կգնահատի նրանց երաժշտությունը:

Ռեմի Փանոսյանն էլ ասաց, որ  ուրախ են վերջապես Հայաստան այցելելու համար: Վերջինս կարևորեց իր այցը Հայաստան։ Պատմեց, որ իր ընտանիքում ինքը հայկական ծագմամբ առաջին մարդն է, որ այցելում է Հայաստան: Ցավով հայտնեց, որ հայրը չի եղել Հայաստանում։ Իսկ պապը, ով գիտեր Հայաստանի մասին մի քանի տարի առաջ է մահացել։

«Ճիշտ է, մեր տրիոն աշխարհի  տարբեր երկրներ ճամփորդել ու ելույթներ է ունեցել, բայց Հայաստանը մեր տրիոյի, մեզ համար խորհրդանշական երկիր է: Մի քանի տարի է, ինչ ուզում եմ Հայաստան գալ և շատ ուրախ եմ, որ այս առիթն ինձ ընձեռվեց նաև այն բանի շնորհիվ, որ տիկին դեսպանը մեզ նախկինում լսել էր: Շատ ուրախ եմ, որ կարող եմ իմ երաժշտությունը ներկայացնել հայ հանրությանը: Բացի դրանից առիթը օգտագործելու եմ, որպեսզի Հայաստանի պատմությանն ու մշակույթին հնարավորինս շատ ծանոթանամ: Հենց այսօր կայցելեմ Գառնի, որ ինֆորմացիայի մի ամբողջ պաշար հավաքեմ դստերս ու ընտանիքիս մյուս անդամներին պատմելու համար»,- նշեց նա:

Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանը կայանալիք համերգը որակեց հետաքրքիր։ Վստահեցրեց, որ ինտելեկտուալ երաժշտություն է հնչելու: Հույս հայտնեց, որ նման երաժշտություն մեր հայրենակից Ռեմի Փանոսյանը Հայաստանում ներկայացնում է առաջին, բայց՝ ոչ վերջին անգամ:

Դեսպան Անն Լույոն շնորհակալություն հայտնեց ֆրանսիական մշակույթի նկատմամբ ուշադրության համար, հիշեցրեց նաև մարտին մեկնարկող Ֆրանկոֆոնիայի օրերի մասին, որոնք կսկսվեն ֆրանսիական կինոյի ցուցադրությամբ:

Ռեմի Փանոսյան ջազ տրիոն հիմնադրվել է 2009 թվականին Ֆրանսիայում և հասցրել է 500-ից ավել համերգներով հանդես գալ շուրջ 40 երկրում։ Խմբին աննախադեպ հաջողություն է բերելհատկապեստրիոյի 10-ամյակին նվիրված հոբելյանական 5-րդ ալբոմը («In Odd We Trust»)։ Այն ներառված է մի շարք նշանավոր ռադիոալիքների ալբոմների ցանկում և երկար ժամանակ առաջնորդում էր Deezer, Spotify և այլ հարթակների երաժշտացանկերը։

Տրիոյի կազմում են Ռեմի Փանոսյանը (դաշնամուր)Մաքսիմ Դելպորտը (կոնտրաբաս) և Ֆրեդ Պետիպրեն (հարվածային գործիքներ)։ 

471