Կարծես թե, կոմիտասյան հենց այս հորդորին հետևեցին մի շատ յուրօրինակ միջոցառման հեղինակները: Սեպտեմբերի 26-ին, Երևանի Բուսաբանական այգու նորաբաց «Անկախության արահետում» տեղի ունեցավ ծառատունկ-համերգ-հիշատակում` նվիրված Կոմիտաս Վարդապետի ծննդյան 151-ամյակին։ Նախաձեռնության հեղինակ, երգիծաբան Սամվել Բաղդասարյանն ու նրա շուրջ համախբված մի խումբ գաղափարակիցներ, Մեծ երաժշտի ծննդյան 151-րդ տարելիցը ազդարարեցին ինքնատիպ հիշատակմամբ: Սամվել Բաղդասարյանն իր ողջույնի խոսքում ընգծեց Վարդապետի հիշատակը փոքր-ինչ այլ կերպ նշելու և ոգեկոչելու գաղափարը: Ներկայացվեց ուշագրավ տեղեկություն այն մասին, որ 1869 թ. սեպտեմբերի 26-ին ծնված փոքրիկ Սողամոնը` մկրտվել էր երեք օր անց: Ներկաներին ցուցադրվեց բացառիկ փաստաթութ` Վարդապետի ծննդյան, մկրտության վկայականի պատճեն, որի բնօրինակը գտնվում է ՀՀ Ազգային արխիվում։ Այն վերջերս հայտնաբերվել է` հոգևորական Էդգար Օհանյանի շնորհիվ։

 

 

Մինչ միջոցառման գեղարվեստական մասին անցնելը, Սամվել Բաղդասարյանը պատմեց «Անկախության արահետի» ստեղծման մասին: «Շաուրջ 10 տարի գալիս եմ այստեղ քայլելու, մարզվելու…Ծանոթացա ավագ ընկերներիս հետ, ովքեր այստեղ են գալիս 15 տարեկան հասակից և ծանոթ են այգու ամեն ծառ ու թփին և նկատում, որ դրանք տարեց-տարի տարբեր պատճառներով պակասում են: Բոլորս ցավ ենք ապրում…Գաղափարներ առաջ եկան, դիմեցինք Բուսաբանական այգու տնօրինությանը, ի դեմս այգու տնօրեն` Անահիտ Ղուկասյանի, ստացանք համաձայնություն և օրեր առաջ, սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախության օրը տնկեցինք խորհրդանշական 29 + 1 ծառ` անվանակոչելով «Անկախության արահետ»: Ի դեպ, + 1-ը` դա հենց այն մեկական ծառերն են, որոնք տնկվելու են այսօր և հաջորդող օրերին: Ընթացքում, վստահ եմ, կլուծվեն ջրամատակարարման խնդիրները, տարածքը էլ ավելի կկանաչապատվի, և մեզանից յոյրաքանչյուրը հպարտությամբ կնշի, որ մասնակից է «Անկախության արահետի» կայացմանը», - ընդգծեց Ս.Բաղդասարյանը: Կոմիտասի կենդանի ձայնի «Լոռվա Գութաներգի» ձայնագրության հնչեցմամբ ազդարարվեց միջոցառման մեկնարկը: Ջութակահար Մարիամ Շահբազյանի և թավջութակահար Լևոն Առաքելյանի կատարմամբ հնչեց Կոմիտասի «Լորիկ ջան» (քելե, քելե) ստեղծագործությունն ու «Կանչե՛, Կռունկ» երգը: Միջազգային մրցույթների դափնեկիր, երգիչ Հայկ Մխոյանը, Հայոց երգի Վեհափառի մասին մեջբերեց ֆրանսիացի հայտնի կոմպոզիտոր, Կոմիտասի ժամանականից` Կլոդ Դեբյուսիի խոսքերը: «Հանճարեղ հայր Կոմիտաս: Խոնարհվում եմ ձեր երաժշտական հանճարի առջև: Եթե Կոմիտասը միան «Անտունի» գրեր, դա բավարար կլիներ, որպեսզի մեծ գեղանկարիչ համարվեր։ Իմ կարծիքով, Կոմիտասը հայտնություն է, ամենաուշագրավ երևույթը երաժշտական աշխարհում»: Այնուհետև, Հայկ Մխոյանի կատարմամբ հնչեց կոմիտասյան «Հորովելը»: Միջոցառմանը մասնակցություն ցուցաբերած երաժիշտներին` ջութակահար Մարիամ Շահբազյանին, թավջութակահար Լևոն Առաքելյանին և երգիչ Հայկ Մխոյանին հանձնվեցին հուշանվերներ Վարդապետի ծննդյան, մկրտության վկայականի պատճենի տեսքով:

 

 

Կոմիտասի ծննդյան 151-րդ տարելիցին նվիրված մեծարման ցերեկույթն ավարտվեց «Անկախության արահետում» Կոմիտասի անվան + 1 ծառի տնկմամբ, որի մասին ազդարարեց նորատունկ ծառին ամրացված ցուցանակը: Գաղափարի հեղինակներին հաջողվել էր ոչ միայն անցկացնել յուրատեսակ միջոցառում Կոմիտասի ծննդյան օրվա առթիվ, այլև ողողել մթնոլորտը, հողն ու ջուրը կոմիտասյան անմար երգով ու ոգով` հաղորդակցվելով յուրաքանչյուր ներկայի հոգու հետ:

 

 

Սուսաննա Հովհաննիսյան

125