ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 2021 թ․ իրականացրել է ՀՀ-ում գարնանացան ցորենի արտադրության խթանման, ինչպես նաև ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրեր։ Այս մասին այսօր Araratnews.am-ի հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Գայանե Անտոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ֆերմերները մտահոգություն ունեն, որ այս տարի, ցորենի և կորնգանի սերմերի պակաս է լինելու, արդյոք հատկացվելո՞ւ է պետական սուբսիդիա մարզպետարաններին:
«2022 թվականին գարնանացան ցորենի արտադրության խթանման ծրագիր չի իրականացվում, սակայն գործում է «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրը, որի շրջանակում տնտեսվարողները մատչելի վարկերի միջոցով կարող են ձեռք բերել սերմացու»,- ասաց նա՝ ներկայացնելով ծրագիրը:
Հարցին, թե նախարարությունը մտահոգություն չունի՞, որ պակաս լինելու խնդրի առաջ կկանգնենք, Գայանե Անտոնյանը նշեց, որ անում են հնարավոր ամենը, նման բան թույլ չտալու համար: