Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտերը Արցախում։ Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Բյուրոյի մամուլի ծառայությունը:

Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը խստորեն դատապարտում է 2020թ. Սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանական ուժերի կողմից գործադրված ռազմական ագրեսիան:
 
ԽՍՀՄ փլուզումից հետո, պատմականորեն հայերով բնակեցված Կովկասի այս շրջանը ժողովրդական հանրաքվեի միջոցով հռչակեց իր անկախությունը 1991թ. Սեպտեմբերի 2-ին: Այս անկախությունը մշտապես վիճարկվում է Ադրբեջանի կողմից եւ այդ ժամանակից ի վեր, 150,000 բնակչություն ունեցող այս փոքր հանրապետությունը դիմակայում է 10 միլիոն բնակչություն ունեցող իր ադրբեջանցի հարևանի 130 հազարանոց բանակի կրկնվող հարձակումներին:

Սեպտեմբերի 27-ի առավոտ կանուխ ադրբեջանական բանակը գրոհ ձեռնարկեց Արցախի Հանրապետության սահմանամերձ քաղաքների վրա եւ ռմբակոծող անօդաչու սարքեր ուղարկեց Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ՝ բազմաթիվ զոհեր պատճառելով խաղաղ բնակչության շրջանում:

Այս հարձակումը տեղի է ունենում արդեն իսկ լարված իրավիճակում, երբ 2016-ին Արցախի սահմանամերձ գոտում ադրբեջանցիների կողմից ձենարկվեց բռնի հարձակումներ եւ 2020-ի հուլիսի վերջին Հայաստանի Տավուշի շրջանում տեղի ունեցան կատաղի մարտեր։ Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը ցավում է, որ Թուրքիան, իր անվերապահ քաղաքական և ռազմական աջակցությունը հայտնելով Ադրբեջանին՝ ներգրավվել է այս հակամարտության մեջ:

Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը կոչ է անում Ֆրանսիային և Եվրամիությանը՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել բախումները դադարեցնելու և պահպանելու 1994 թվականին կնքված հրադադարի ռեժիմը:

Ստեղծված ծայրահեղ լարված իրավիճակը պահանջում է Մինսկի խմբի անհապաղ հանդիպում և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ արձագանք՝ խաղաղ լուծում գտնելու եւ վերահաստատելու Արցախի անկախությունն ու նրա ճանաչումը միջազգային հանրության կողմից:

Փարիզ, 27.09.2020

 

97