AraratNews.am-ի թղթակիցը ֆեմինիզմի հիմնական հասկացությունների շուրջ զրուցել է սոցիալական աշխատող Սոնա Բաղդասարյանի հետ:

Սոնա, կարծում եմ, որ հասարակության զգալի մասն ամբողջական պատկերացում չունի ֆեմինիզմի մասին։ Կսահմանե՞ք, թե ինչ է ֆեմինիզմը։

Ինձ համար ֆեմինիզմը բավարարվածության, գոհունակության զգացում է։ Այսինքն՝ մարդը ձգտելով հասնել հավասարության և հասնելով դրան, իրեն զգում է բավարարված, գոհ. մտածում է, որ ինչ-որ բան արել է ավելի լավ կյանք ունենալու համար։ Ցանկացած բնագավառում հավասարությունը այն կարևոր արժեքն է, որ չպետք է ճանաչի սեռ, տարիք, ռասա և այլն։ Դա այն է, ինչին մարդկությունը միշտ ձգտել է և պետք է ձգտի։

Մերօրյա հասարակությունում կինը հավուր պատշաճի գնահատվո՞ւմ է։

Ինձ համար՝ հասարակության մեջ լինել կին/աղջիկ, նշանակում է լինել գնահատված, սիրված, արժևորված, հարգված անձնավորություն։ Քանի որ կինը Աստծո կողմից ստեղծված այն էակն է, որն ունի մի հիանալի կարողություն՝ աշխարհը բազմացնելու, սերունդներ ծնելու կարողություն։ Եվ դա միայն բավական է, որպեսզի հասարակությունը աստվածացնի կնոջը/աղջկան՝ որպես այդպիսին։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ է նշանակում լինել կին/աղջիկ հայաստանյան իրականության մեջ, կասեմ, որ դա շատ խոցելի թեմա է ինձ համար, քանի որ ես իմ շուրջը միայն տեսնում եմ կարծրատիպային նորմեր, խտրականություն՝ կախված սեռից, կնոջ/աղջկա խոսքին քիչ ուշադրություն դարձնելու, երբեմն նաև անտեսելու բազում դրսևորումներ, ստիպելու, որ կինը/աղջիկը շարժվի իրենց իսկ գրած (այս դեպքում արդեն չգրված) օրենքներով։ Կարճ ասած՝ հայաստանյան իրականության մեջ լինել կին՝ նշանակում է ապրել ուրիշների համար։

Միքայել Նալբանդյանը բողոքում է, որ կանայք դուրս են հասարակական ասպարեզից, միմյանց հանդիպում են միմիայն եկեղեցում կամ բաղնիքում, աղջիկները դրա հնարավորությունն էլ չունեն։ Նրան դուր չի գալիս, որ հայ մայրերն իրենց աղջիկներին ամուսնացնելիս ուշադրություն չեն դարձնում փեսացուի տեսքին, բարոյականությանը, խելքին, նրանց ամուսնացնում են հարուստների հետ՝ առանց սիրո։ Նա ֆեմինի՞ստ էր։

Ըստ ինձ՝ այո, նա ֆեմինիստ էր, քանի որ նրան դուր չի եկել այդ փաստը, որ աղջկան ամուսնացնելիս միմիայն նայում են տղայի հարուստ կամ ոչ այնքան հարուստ լինելու փաստին՝ հաշվի չառնելով ո՛չ խելքը, ո՛չ տեսքը և ոչ էլ բարոյականությունը։ Այսինքն՝ աղջկա ծնողներն արդեն իսկ իրենց աղջկա համար նախատեսել են, որ նա չպետք է աշխատի, և միայն այդ տղամարդը պետք է հոգա նրա կարիքները։ Իսկ դա ինչ է, եթե ոչ կարծրատիպային դրսևորում աղջիկ երեխայի հանդեպ։ Եվ այո, դեմ լինելով այդ ամենին, դու արդեն կոչվում ես ֆեմինիստ, քանի որ ձգտում ես հավասարության տղայի և աղջկա միջև։ Յուրաքանչյուր ծնող ուզում է իր աղջկան ապահովված ընտանիքում ամուսնացնել. դա շատ բնական է, բայց առաջնահերթությունը միմիայն տալ դրան և հաշվի չառնել մնացած շատ ու շատ ավելի կարևոր գործոնները, դա ինձ համար արդեն ոչ նորմալ երևույթ է և պետք է անել ամեն ինչ, որպեսզի մարդկանց միջից դուրս գա այդ ստանդարտացված մտածելակերպը։

Ֆեմինիզմի շուրջ տարածված սխալ պատկերացումներից մեկն այն է, որ կանայք ու տղամարդիկ փորձում են մրցակցել։ Ի՞նչ կասեք այս մասին։

Արդեն դուք նշեցիք, որ այո՝ սխալ պատկերացում է դա, և ինչու է սխալ, քանի որ կինը երբեք չի փորձել մրցակցել տղամարդու հետ, նա փորձել է հավասարվել տղամարդուն։ Դա շատ կարևոր բան է, որը պետք է տարբերել։ Նա փորձել է ունենալ հավասար իրավունքներ, հասարակության մեջ զբաղեցնել հավասար պաշտոններ ինչ տղամարդիք, ունենալ հավասար խոսքի իրավունք և այլն։ Կինը փորձում է հասնել նույն մակարդակին։ Ֆեմինիստական շարժման գաղափարը հենց դա է՝ տղամարդու հետ լինել հավասար հարթության վրա, բայց մրցակցել նրա հետ։ Ես, լինելով այդ սեռին պատկանող մարդ, ինձ իրավունք կվերապահեմ և կասեմ, որ, ոչ, չկա նման բան։

Որպես իգական սեռին պատկանող անձնավորութուն, հասարակության մեջ կախված սեռից, ի՞նչ խնդիրների եք հանդիպել։

Ես, որպես աղջիկ, դեռևս չեմ հանդիպել խնդիրների՝ կապված սեռի հետ։ Բայց շատ եմ լսել, որ մեծ մասը մտածում է, թե կանայք զուրկ են արագ և մտածված որոշում կայացնելու ունակությունից։ Հասարակություններում հաճախ թյուր կարծիք կա, որ կինն ունի որոշակի դեր, որը հիմնականում կապված է ընտանիքի հոգսերի հետ և հետևաբար այն, որ կանայք չեն կարող զբաղեցնել ղեկավար պաշտոններ։ Կամ նրանց աշխատանքի եկամուտը նույնքան չէ, որքան տղամարդունը, կանայք ավելի քիչ եկամուտ են ստանում նույն աշխատանքը կատարելու համար։ Այս ամենը շատ ցավալի է, ինչ խոսք։ Եվ ես լինելով այդ սեռին պատկանող անձ՝ ուզում եմ անել ամեն ինչ, որպեսզի մենք ապրենք լիովին հավասարության պայմաններում։ Մեր հասարակության մեջ կին/աղջիկ լինելու առավելություններն ըստ իս այն է, որ հայ կնոջ համար առաջնահերթությունը մայր դառնալ, մայր լինելն է, առավելություններից է նաև հայ կնոջ ավանդապաշտությունը, պատիվը և բարձր ինքնասիրության զգացումը։ Որպես թույլ սեռին պատկանող անձ՝ ես կնշեմ դա որպես առավելություն այս դեպքում, քանի որ շատ ու շատ հարցերում Հայաստանում բարձր է կանանց/աղջիկներին՝ որպես այդպիսին, զիջելու մշակույթը։

Ի՞նչ կփոխեիք այսօր մեր հասարակությունում։

Կփոխեի հասարակությունը, եթե այդ հնարավորությունը ես ունենայի: Քանի որ այս ամենը շատ հնուց է գալիս և գրեթե հնարավոր չէ փոխել նրանց մտածելակերպը, աշխարհի՝ կանանց/աղջիկների մասին իրենց կարծրատիպային հայացքները, քարացած և ստանդարտացված մտքերը։ Այդ իսկ պատճառով ես կնախընտրեի փոխել այն, ինչից/ումից գալիս է այդ ամենը։

Ո՞րն է Ձեր ամենամեծ ուժը։

Իմ ամենամեծ ուժը հավատն է, վստահությունն է ինքս իմ անձի հանդեպ։ Եթե հավատաս ինքդ քեզ, ինքդ քո ուժերին, եթե գնահատես ինքդ քեզ, սիրես քեզ այնպիսին, ինչպիսին որ կաս, ապա համոզված կլինես, որ բոլորը քեզ կընդունեն այնպիսին, ինչպիսին որ թույլ ես տվել դա։ Ես թույլ եմ տալիս իմ մասին մտածել, խոսել այն, ինչ ես ինքս ցույց եմ տվել բոլորին։ Եվ որպես վերջաբան ուղղակի կասեմ մեր հայ աղջիկներին՝ սիրելի աղջիկներ, սիրեք և գնահատեք ձեզ, ինչպիսին էլ որ դուք լինեք։ Եթե դուք ձեզ գնահատեք, մյուսները պե՛տք է գնահատեն։ Ապրեք ձեր կյանքն այնպես, ինչպես որ կցանկանաք, հայտնեք ձեր կարծիքը և եղեք համարձակ:

Օլյա Շահինյան

33563