Հաղթեց վեդեցին, հաղթեց մեր իմաստուն ժողովուրդը: Ձեր կողմից տրված ամեն մի քվեն շատ կարևոր և պարտավորեցնող է, ուստի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեր ավագանու թիմով անելու ենք առավելագույնը` ձեր բոլոր սպասումներն արդարացնելու համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Վեդի խոշորացված համայնքի ավագանու ընտրությանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Գարիկ Սարգսյանը:

«Այսօրվանից միասին լծվում ենք մեր համայնքի շենացման պատասխանատու և պատվաբեր աշխատանքին։

Այժմ, առավել քան երբևէ, կարիք ունենք միասնական լինելու, քանի որ միայն միասնականության և փոխադարձ հարգանքի մթնոլորտում կարող ենք հասնել մեր առջև դրված նպատակներին։

 

Բոլորիդ մաղթում եմ ողջախոհություն և ամենայն բարիք։

 

Աստված պահապան մեր երկրին, մեր զինվորին և մեզ բոլորիս»,- գրել է Սարգսյանը:

 

Հիշեցնենք՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ամփոփել է Վեդի խոշորացված համայնքի ավագանու ընտրության նախնական արդյունքները: Ընտրություններում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

 

ՔՊ-ն ստացել է 13 139 քվե, «Իմ հզոր համայնք» կուսակցությանը, որի ցուցակը գլխավորում էր Սիսավանի նախկին համայնքապետ Սպարտակ Թարթիկյանը, 9 694: Անվավեր է համարվել 545 քվեաթերթիկ:

 

Ընտրողների ցուցակում ընդգրկված 37 069 անձից քվեարկությանը մասնակցել է 23 378-ը կամ 63,16 տոկոսը:

 

Հիշեցնենք՝ նախորդ տարվա դեկտեմբերի 5-ին Վեդիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ոչ մի ուժի չէր հաջողվել միայնակ մեծամասնություն ձևավորել:

 

Քաղաքական ուժերին չէր հաջողվել նաև կոալիցիաների վերաբերյալ համաձայնության գալ, որից հետո «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների ավագանու բոլոր թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել, և, Կառավարության որոշմամբ, նշանակվել էր նոր ընտրություն։

232