Շարունակվում են ձնահյուսի պատճառով փակված Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 134-րդ կիլոմետր հատվածի մաքրման աշխատանքները։
Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտը:
Ձնամաքրման աշխատանքներում ներգրավված են ինչպես տարածաշրջանի ճանապարհները սպասարկող, այնպես էլ այլ կազմակերպությունների տեխնիկական միջոցներ։
Իրականացվող աշխատանքներին տեղում հետևում է Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը։
Ձնահյուսի հետևանքով փակված ավտոճանապարհը մարդատար տրանսպորտային միջոցները կարող են շրջանցել Ստեփանավան-Յաղդան-Օձուն ճանապարհահատվածով։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 28-ին, ժամը 14:01-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 8-10-րդ կմ-ին՝ Բազում գյուղի տարածքում, տեղի է ունեցել ձնահյուս: