Կարևորելով 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինվորների սոցիալ-տնտեսական վերաինտեգրումը հասարակություն, նրանց զբաղվածության ապահովմանն ուղղված հնարավորությունների ընդլայնումն՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Ըստ այդմ, կկազմակերպվեն և կիրականացվեն աշխատանքներ՝ ուղղված Շիրակի մարզում բնակվող, 2020 թ․պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինվորների կարիքների գնահատմանը, մասնագիտական կողմնորոշմանն ու զբաղվածության ապահովմանը։ Ընդգծելով վերջիններիս մասնագիտական կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված ծրագրերի կարևորությունը՝ նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է, որ 2020թ․ պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինվորների համար վերապատրաստումների և կրթական տարբեր ծրագրերի իրականացումը, նրանց կայուն զբաղվածության ապահովումն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ուշադրության կենտրոնում է։ «Թե՛ պետական ծրագրերի, թե՛ մասնավոր կազմակերպությունների ու բարեգործական հիմնադրամների հետ համագործակցության շրջանակում՝ պատերազմի շուրջ 1000 մասնակից արդեն իսկ ընդգրկվել է տարբեր ծրագրերում։ Ուրախ ենք, որ Շիրակի մարզում բնակվող զինվորներին ուղղված այս կարևոր նախաձեռնությանը միացել է նաև «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը»,- նշել է նախարարը։ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը ևս շեշտել է հայրենիքի պաշտպանների կյանքի որակի բարելավման գործում ներդրում ունենալու անհրաժեշտությունն ու կարևորել այդ նպատակին ուղղված ջանքերի մեկտեղումը․   «Կարծում ենք, որ հասարակություն վերաինտեգրվելու լավագույն միջոցներից մեկն աշխատանքի խրախուսումն է՝ սեփական մասնագիտական կարողությունները վերագտնելու, բացահայտելու և ուժեղացնելու միջոցով։ Այս գործում կարևորում ենք սերտ համագործակցությունը պետության տարբեր կառույցների հետ՝ լավագույնս գիտակցելով, որ վերջիններիս մասնագիտական և փորձագիտական կարողությունները չափազանց արժեքավոր ու արդյունավետ կարող են լինել»։   Հուշագրի շրջանակում կկազմակերպվեն տեղեկատվական հանդիպումներ և կարիերայի ուղղորդման ճամբարներ Շիրակի մարզում, որոնք ուղղված են զինվորների աշխատելու մոտիվացիայի խթանմանն ու գործատուների հետ կապի ակտիվացմանը:      

264