
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Այս մասին ասված է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ:
Մասնավորապես նշվում է, որ ՌԴ խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:
Հաղորդվում է նաև, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։
«Պարեկություն է արվել Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում:
Խաղաղապահ զորախմբի ինժեներական և սակրավորական խմբերը շարունակում են ստուգել և մաքրել տարածքը ականներից և չպայթած զինամթերքից։ Օրվա ընթացքում մաքրվել է 0,25 հա տարածք, վնասազերծվել է 1 պայթուցիկ առարկա։
ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է»,-ասված է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ: