Այսօր Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը և մեդալակիր մարզիկներն ամփոփել են Եվրոպայի առաջնությունը, որը կայացել էր Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։ 

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզչական շտաբը և մարզիկները դժգոհել են, որ ամիսներ շարունակ գումարներ չեն ստանում, եղած պայմաններն ու  ֆինանսավորումը բավարար չեն, նաև պնդել են՝ եթե ֆինանսական միջոցները մնան այնքան, որքան հիմա են, թիմը չի կարողանալու  լավ նախապատրաստվել, մարզիկները չեն կարողանալու բուժել վնասվածքները, իսկ վիտամիններ արդեն ամիսներ շարունակ չեն ստանում։ 

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ «պետական օրենքով սահմանված 1 լումա անգամ մեկ օր չի ձգվում, բոլոր գումարները ստացել են։ Ըստ կանոնակարգի՝ տարվա սկզբից գումար ստանում են նախորդ տարվա արդյունքների համար։ Իսկ այն մարզիկները, որոնք գումար չեն ստացել, նրանք 2021 թվականին արդյունք ցույց չեն տվել։ Ովքեր այս տարի արդյունք են ցույց տվել, գումար կստանան արդեն հաջորդ տարվա սկզբից»։ 

«Այո՜, ես համաձայն եմ, գումար պիտի ստանան, դեմ չեմ, այո՜, նրանք արժանի են, լավ մարզիկներ են, ուժեղ են, բայց օրենքը պահանջում է վճարել արդյունքի դիմաց»,- շեշտեց փոխնախարարը։ 

Այն, որ ֆինանսավորումը չի բավարարում, Գիլոյանը նշեց, որ ըստ մարզիչների՝ նախորդ տարի նույնպես բյուջեով նախատեսված գումարը բավարար չէր, որ տարին ավարտեին։ Բայց կառավարությունը խոշոր գումար հատկացրեց, և նրանք հետ չմնացին որևէ մրցումից, և մասնակցել են բոլոր հավաքներին։ 

Հավելեց, որ վիտամիների և դեղորայքի համար նախատեսված գումարը վաղուց հատկացվել է, և հարցը լուծված է։ 

1435