Ռուսաստանին ԵԱՀԿ Մինսկի խմբից հեռացնելու Արևմուտքի փորձերը անպատասխանատու են, իսկ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան պատրաստ են զոհաբերել տարածաշրջանի կարգավորման շահերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակի գործունեության ապագային, ես չգիտեմ ինչ է լինելու»,- ասել է Լավրովը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով, «այս խմբի ֆրանսիացի և ամերիկացի գործընկերները ռուսաֆոբ մոլեգնությամբ, փորձելով չեղարկել այն ամենը, ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը, չեղարկել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակը՝ ասելով, որ այս ձևաչափով չեն շփվելու մեզ հետ»:
«Դա իրենց իրավունքն է, եթե նրանք պատրաստ են զոհաբերել Ղարաբաղի հարցի կարգավորումը և ամբողջ Անդրկովկասում, եթե պատրաստ են այս դեպքում զոհաբերել հայկական կողմի շահերը, սա իրենց ընտրությունն է։ Ոչ միայն այս, այլև աշխարհում գոյություն ունեցող բոլոր կոնֆլիկտները և ճգնաժամերը դարձնում են իրենց ռուսաֆոբ քաղաքականության պատանդները՝ ստիպելով բոլորին դադարեցնել բոլոր ֆորմատներով շփումները։ Իրենց կամքն են փորձում պարտադրել»,- նշել է Լավրովը ու նման գործողությունները որակել է անպատասխանատու։