![](https://araratnews.am/admin/images/1649683711.jpg)
«Կապ չունի թե քաղաքացին երբ է հերթագրվել, որ օրը որ քննության է լինելու` այդ օրվա գործող օրենսդրությամբ էլ հանձնելու է տեսական քննությունը, այսինքն, եթե ապրիլի 11-ից հետո է քննության մասնակցելու ապա` նոր հարցաշարով»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց, «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանը` անդրադառնալով հարցին` արդյոք մինչ ապրիլի 11-ն ընկած ժամանակահատվածում վարորդական իրավունքի ստացման տեսական քննության համար գրանցված քաղաքացիները քննությանը կմասնակցեն նոր` ավելացված հարցերի քանակ ունեցող հարցաշարով:
Ըստ «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանի` նոր հարցաշարի մասով անհանգստանալու կարիք, կարծես թե չկա.
«Մեծամասնությունը նմանատիպ հարցեր են` նույն բովանդակության, եթե քաղաքացիները նորմալ ուսումնասիրել են ՃԵԿ կանոնները, ինձ չի թվում, որ խնդիրներ կունենան: Եթե միայն հարցաշարերով են պարապել, կարող են լինել հարցաշարեր, որոնք որ իրենք չեն ուսումնասիրել` փոփոխված լինեն»,- եզրափակեց Քեյանը:
Քեյանը նշեց, որ որքանով ինքն է տեղյակ հարցաշարում խնդրահարույց հարցեր կան, որտեղ պատասխանները ճիշտ չեն ներկայացված.
«Ճիշտն ասած, չգիտեմ, արդեն այդ հարցերը բարձրաձայնվել են թե ոչ, կարող է եւ փոփոխած կամ ճշգրտած լինեն, դրանց մասով չեմ կարող հստակ ասել, դա արդեն ոստիկանությունը կպատասխանի, բայց նման խնդիրներ ի հայտ են եկել, որոնք մեր խմբում էլ էին բարձրաձայնվել»,- ասաց Քեյանը:
Araratnews.am-ը Քեյանի բարձրաձայնած խնդրի հանգամանքները պարզելու նպատակով փորձեց կապ հաստատել Ոստիկանության հետ, պարզելու` արդյոք խնդրահարույց հարցերն ուղղվել են.
«Եթե կա որեւէ անճշտություն, ապա պետք է նախապես տեղեկացնել դրա մասին, որ մենք էլ մեր հերթին նշենք` ուղղումը կատարված է, թե ոչ»,- ասաց Զարզանդ Գաբրիելյանը:
Մեզ հետ զրույցում Գաբրիելյանը հայտնեց, որ այսօրվանից քննությունը հանձնելու են նոր հարցաշարով, սակայն Araratnews.am-ի հետ զրույցում այսօր` ապրիլի 11-ին վարորդական իրավունքի տեսական քննության մասնակցած քաղաքացիներից մի քանիսը նշեցին, որ քննությունը հանձնել են նախկին` հին հարցաշարով:
Հիշեցնենք, որ համաձայն նոր կարգի՝ մեծացել է գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարը՝ նախկինում եղած քննական 600 հարցին ավելացվել է ևս 500-ը։ Տեսական քննության 10 հարցի փոխարեն սահմանվել է 20 հարց, իսկ քննության 15 րոպե տևողության փոխարեն՝ 30 րոպե։
Աննա Չիբուխչյան