Ես ուզում եմ ներողություն խնդրել մեր ընդհանուր ընկերներից, հանրությունից, որ իրենք ականատես եղան իմ էմոցիոնալ պոռթկմանը: Այս մասին այսօր Azatatutyun.am-ի ֆեյսբուքյան ասուլիսին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի վերաբերյալ իր գրառմանը:

«Դա էմոցիոնալ պոռթկում էր, քանի որ ես այդտեղ ավելի շատ որպես ընկեր էի վիրավորված: Ես այդպիսի Ազգային ժողովի նախագահ եմ, ես ունեմ էմոցիաներ և էմոցիոնալ մարդ եմ: Ես կարող եմ շատ ծանր տանել այն բանը, որ իմ ընկերը, որի հետ ճանապարհ եմ անցել, շատ բաներ ներել եմ և դրանից  տասը-տասնհինգ օր առաջ խոսել եմ որպես ընկերներ, ընտանիքի անդամներից ենք հետաքրքրվել, իր հեռանալուց փորձում է ամեն ինչ մի կողմ դնելով շահարկել ինձ, իմ անունը, ֆեյսբուքյան օգտատերերի հարցերի մակարդակի խոսակցություն բացել: Անկեղծ ասած՝ ներելու և անտեսելու լիմիտը այդտեղ սպառվեց, և ես որպես մարդ գտա, որ դա պետք է ասեմ»,- ասաց նա:

Ալեն Սիմոնյանն ասաց, որ դրանից հետո Հայկ Մարությանի հետ չի շփվել: «Ես իրեն միայն լավն եմ ցանկանում, իրեն, իր ընտանիքին, իր բալիկներին, թող շարունակի իր գործունեությունը, իր մոտ, կարծում եմ, դա ավելի լավ կստացվի, չեմ ուզում այլևս իր մասին խոսել»,- ասաց նա և նշեց, որ Հայկ Մարությանի հետ կապված առաջինն է եղել, որ  հարվածները իր վրա է վերցրել, պաշտպանել:

Օգտատիրոջ դիտարկմանը, որ գուցե Հայկ Մարությանին չի ներել, քանի որ քաղաքապետ լինելը Ալեն Սիմոնյանի երազանքն էր, ԱԺ նախագահն ասաց, որ հիմա  ավելի բարձր պաշտոն է զբաղեցնում, և դա որոշում էր, որն իր համար ընդունելի էր:

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանին բարկացրել է, որ Հայկ Մարությանի՝ պաշտոնից հեռանալուց առաջ արած հայտարարությունը. «Պատկերացնում եք, մի երկիր, որը երեսուն տոկոս աղքատություն ունի, որը իր միջազգային գործընկերներից փող է խնդրում իր մանկապարտեզները վերանորոգելու, ճանապարհները կառուցելու, իր բյուջետային ծախսերը փակելու համար, արդարացնում է երկու հարյուր հազար դոլարանոց մեքենայի գնումը՝ իբր դա պետության պրիստիժի համար է»։

Ալեն Սիմոնյանը, որը Հայկ Մարությանի երկար տարիների ընկերն էր,  երկու տարի առաջ Ֆեյսբուքում գրառում էր արել և նշել. «Մեր ընկերությունը փշերի միջով տանում ենք դեպի աստղեր»:

Իսկ Մարությանի հրաժարականից հետո գրել էր. «Եսակենտրոն, ջղաձգվող, ուրացող մի մարդու ելույթ, ով իր դավաճանությունն ու ապիկարությունն արդարացնելու համար պատրաստ է ինչ սուտ ասես՝ ասելու և ինչ թեմա ասես՝ շահարկելու: Դրա փոխարեն գնա, վերհիշիր քո էն երկու տասնյակից ավելի ընկերների անունները, ում դու գցեցիր ու դավաճանեցիր: Ու չհամարձակվես մեր Երևանի անունը տալ կամ իմ թիմի անդամներից խոսել: Դու Երևան ու ՔՊ «խոպան» էկած տղա էիր, քո քաղաքը Պրահան է, իսկ քո թիմը՝ փողը, շատ փողը»։

3013