«Մարդիկ, ովքեր մինչ այժմ չեն հասկացել, որ Արցախի դրոշը ԱԺ-ի ամբիոնից կախելով Արցախը չեն պաշտպանում, մարդիկ, ովքեր 20-30 տարի լինելով իշխանություն չեն պատկերացրել, թե ինչպես պետք է պաշտպանեն Արցախը, փորձում են էժանագին քաղաքական դիվիդենտներ ապահովել` սեփական ժողովրդին բախտախնդրության տանելով»,- այսօր` մարտի 12-ին կայացած ՀՀ ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի հերթական նիստի ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը` անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության՝ քառօրյայի նիստը բոյկոտելուն:

Անդրադառնալով ընդդիմադիրների Արցախի պաշտպանության համար Արցախ մեկնելու որոշմանը՝ Հակոբյանն ասաց, որ  ինքը, որակելով այդ քայլը, պնդում է հակառակը.

«Սիրելի հայրենակիցներ, այստեղ միտք հնչեց, որ ընդդիմությունը մեկնում է Արցախ՝ ամենակարեւոր օրակարգին հետեւելու եւ Արցախի քաղաքացիներին պաշտպանելու, ես ուզում եմ պնդել հակառակը, նրանք հենց հիմա մեկնում են Արցախ՝ վտանգելով Արցախի Հանրապետության եւ ՀՀ քաղաքացիներին, սա նկատի ունեցեք։ Եվ ես առաջարկում եմ, որպեսզի քաղաքական օրակարգը զերծ պահենք բախտախնդիրներից եւ մեր հայրենակիցներին բախտախնդրության տանելու կոչերից եւ մղումներից»։

Հակոբյանը, եզրափակելով իր ելույթը, խոսեց նաեւ ընդդիմության ապրիլի 5-ին  անցկացրած հանրահավաքի մասին։ Նա ընդգծեց, որ Երեւանի կենտրոնում Արցախը թուրքից պաշտպանելու արտահայտություններով ընդդիմությունը արդեն վաղուց սպառել է իրեն.

«Գիտեք, դուք այնքան չեք տիրապետում իրավիճակին, որ բացարձակ իրականության հետ կապ չունեք, գոնե էդ հանրահավաքից ու ձեր հնչեցրած մտքերից հետո, մի հատ տեսնեիք, թե էդ նույն տարածքում հավաքված մեր համաքաղաքացիներն ու համերկրացիները ինչ են խոսում ձեր մասին, պաթոսախառն բառապաշարով Երեւանի կենտրոնում Արցախը թուրքից պաշտպանելու արտահայտություններով դուք արդեն վաղուց ձեզ սպառել եք»,- ասաց Հակոբյանը:

Հիշեցնենք, որ այսօր` ապրիլի 12-ին կայացած 
ՀՀ
ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի հերթական նիստի ընթացքում խորհրդարանական ընդդիմությունը հայտարարեց, որ չի մասնակցելու խորհրդարանական նիստերին: 

Տեսանյութը դիտեք այստեղ` 

 

945