Այսօր Ագային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հարցին, նշեց, որ հատուկ ներկայացուցիչները պայմանավորվել են, որ գործընթացը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների:

«Մենք այդպես էլ ընկալում ենք և պրոցեսը շարունակում ենք այդ տրամաբանությամբ: Նաև միջազգային  մեր գործընկերների հետ քննարկումներում ասում ենք, որ մենք տպավորություն ունենք, որ գործընթացը կարող է և արագ արդյունքներ չունենալ, բայց եթե գործընթացը արագ արդյունքներ չունենա, շատ մեծ է հավանականությունը, որ այդ գործընթացը կլճանա, և մենք մեր կողմից պետք է ամեն ինչ անենք, որ դա տեղի չունենա, և մենք կարողանանք փոքր քայլերով առաջ շարժվել»,- ասաց նա:

Վարչապետն ասաց, որ մենք հասկանում ենք բոլոր խութերը, բոլոր ռիսկերը և միևնույն ժամանակ այդ տրամաբանությամբ կարծում ենք, որ խոսակցությունը պետք է շարունակվի և դառնա երկխոսություն:

Ինչ վերաբերում է միջազգային աջակցությանը հայ-թուրքական հարաբերությունների գործընթացին, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Դիմադրություն գործնականում չկա գործընթացի վերաբերյալ, մենք տեսնում ենք լիարժեք աջակցության ցանկություն մեր միջազգային գործընկերների կողմից, այլ բան, որ պետք է շատ զգույշ լինել այդ աջակցության գործիքների ձևերի, չափերի մեջ, քանի որ, այնուամենայնիվ, խոսքը երկկողմ հարաբերությունների մասին է: Այդ հարաբերությունները շատ մեծ նշանակություն ունեն միջազգային համատեքստի և տարածաշրջանի համատեքստի համար, այնպես որ մենք երկկողմ մակարդակով խոսակցությունը տանելով պետք է օգտվենք նաև միջազգային աջակցությունից»,- ասաց նա:

1138