
Կառավարությունը այսօր չզեկուցվող հարցերի շրջանակում հաստատեց անասնաբույժի և բույսերի առողջության պաշտպանության օրերը նշելու մասին որոշման նախագիծը: Այսպիսով այն կնշվի ապրիլի վերջին ուրբաթ օրը։ Ապրիլի 24-ը ուրբաթ օրվա հետ համընկնելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում անասնաբույժի օրը նշվելու է ապրիլի վերջին հինգշաբթի օրը, իսկ Հայաստանում բույսերի առողջության պաշտպանության օրը՝ մայիսի 12-ին։
Նախագծի ընդունումը նպատակաուղղված է անասնաբուժության և բույսերի առողջության պաշտպանության բնագավառների կարևորության ընդգծմանը, հանրության ուշադրության, ինչպես նաև իրազեկման բարձրացմանը։
Ըստ հիմնավորման՝ գործնականում գրեթե բոլոր երկրներում նշվում են անասնաբույժի և բույսերի առողջության պաշտպանության օրերը։ Միջազգային կազմակերպությունների կողմից ևս նշվում են այդ օրերը։ Մասնավորապես․
Համաշխարհային անասնաբուժական ասոցիացիայի կողմից յուրաքանչյուր տարի ապրիլ ամսի վերջին շաբաթ օրը նշվում է անասնաբույժի միջազգային օրը։
Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ընդունված բանաձևի համաձայն՝ մայիսի 12-ը հռչակվել է բույսերի առողջության պաշտպանության միջազգային օր։
Հայաստանի Հանրապետությունում անասնաբույժի միջազգային հայտարարված օրը չնշելու հանգամանքը պայմանավորված է քաղաքացու օրվա հետ հնարավոր համընկման հանգամանքով։
Հաշվի առնելով անասնաբուժության և բույսերի առողջության պաշտպանության բնագավառների կարևորությունը բնակչության կյանքի և առողջության, բույսերի և կենդանիների հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաև երկրի տնտեսության զարգացման տեսանկյունից՝ առաջարկվում է նշել անասնաբույժի և բույսերի առողջության պաշտպանության օրերը։