
«Սարյանի պուրակում այս շաբաթ մեծածավալ թփապատման աշխատանքներ են իրականացվելու, կտնկվի շուրջ 4000 թուփ, բոլոր վերատնկումներն իրականացված են, կարծում եմ՝ մեկ շաբաթ հետո արդեն կարող ենք տեսնել, որ Սարյանի պուրակը նոր շունչ է ստանում,- այս մասին այսօր` մարտի 18-ին, Երևանի քաղաքապետարանի Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեցին «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից` խոսելով Սարյանի արձանի հարակից այգու տարածքում իրականացվող բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքների ընթացքի մասին:
Անդրադառնալով Ծիծեռնակաբերդի բարձունքի 8,5 հա տարածքում գարնանը ծառատունկ կազմակերպելու ուղղությամբ իրականացվող աշխատանքին՝ կազմակերպությունից նշեցին, որ այս եւ մյուս շաբաթ կիրականացվի ծառատունկ.
«Տարածքի հետ կապված բոլոր խնդիրները լուծվել են, այս պահին արդեն տնկիները փակ հողագնդերով առկա են, հիմա տնկարանում են: Մեզ մոտ առկա տնկիները տարբեր են` սոսիներ, սոճիներ, եղեւնիներ»,- ասացին ՀՈԱԿ-ից: