Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 20-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին:

Կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը եւ մարտահրավերները: Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետեւանքով Արցախում ստեղծված իրադրությունը, հումանիտար խնդիրները:

Խորհրդարանի փոխխոսնակը երախտագիտություն է հայտնել Նիդերլանդների խորհրդարանի գործընկերներին` 2020թ. աշնանն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմը եւ դրա հետեւանքները դատապարտող բանաձեւերի ընդունման համար:

Անդրադարձ է եղել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները հետեւողական են լինելու մեկնարկած բարեփոխումների իրականացման հարցում:

Զրուցակիցները խոսել են հայ-նիդերլանդական միջխորհրդարանական համագործակցության խորացման, փոխայցերի անհրաժեշտության, խորհրդարանական հարթակում համատեղ ծրագրերի իրականացման մասին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ազգային ժողովից: 

834