Այսօր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց տարեկան հաղորդումը: Անդրադառնալով 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործերին՝ Արթուր Դավթյանն ասաց, որ տարվա ընթացքում վարույթում քննվել է պատերազմական հանցագործությունների վերաբերյալ 2150 քրեական գործ, քրեական հետապնդում է իրականացվել 800 անձի նկատմամբ, 55 անձ արդեն իսկ դատի են տրվել, կան համապատասխան դատավճիռներ:

«Արդեն իսկ ավարտված քրեական գործերով պատկերը պարզվել է, որ, ցավոք, պատերազմական գործողությունների ընթացքում մեր զինված ուժերի ներկայացուցիչներ, սպաներ, այդ թվում՝ բարձրաստիճան սպաներ, մարտական ծառայության պարտականությունները պատշաճ չկատարելու դրսևորումներ են ունեցել: Մնացած գործերով նախաքննությունը շարունակվում է, բոլորս նախանձախնդիր ենք այդ գործերով առավելագույնս օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու և հանցավոր խախտումներ թույլ տված և հատկապես պատերազմի ցավալի ելքով պայմանավորված, կամ այդ ելքին հանգեցրած  հանցավոր խախտումներ թույլ տված յուրաքանչյուրի պատասխանատվությանը հասնելուն»,- ասաց նա և նշեց, որ այդ մարդկանց թվում կան զորամասի հրամանատարներգումարտակի հրամանատարներ, նաև Գլխավոր շտաբի բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Արթուր Դավթյանը ներկայացրեց նաև, որ քննությունը պարզել է, որ թույլ են տրվել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության զինծառայողների կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ, կոնկրետ դեպքերում՝ կանխամտածված թիրախավորվել են բնակավայրերը, քաղաքացիական անձանց սպանություն է իրականացվել, արգելված զինատեսակներ են օգտագործվել, հունիս-հուլիս ամիսներից սկսած իրականացվել են վարձկանների հավաքագրումներ: «Հենց մեր ձերբակալած սիրիացի վարձկանների ցուցմունքների մեջբերմամբ, եթե ասեմ, հենց հատուկ լեռնային հատվածներում հատուկ պատրաստվածություն են անցել, հրահանգավորումներ ունեցել թիրախավորելու, սպանելու, խոշտանգելու՝ բնակայրերում գտնվող քաղաքացիական բնակչությանը»,- ասաց նա և նշեց, որ արդյունքում այդ անձինք դատապարտվել են և երկուսն էլ ցմահ ազատազրկման են ենթարկված:

Արթուր Դավթյանը հայտնեց, որ պատերազմական հանցագործությունների մասով այս պահին շուրջ 60   քրեական հետապնդման ենթարկված ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարների ներկայացուցիչներ կան:

1219