Հանրահայտ կանադացի երգիչ Գարուն ապրիլի 21-ին անմոռանալի մենահամերգով հանդես եկավ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Երգիչը հիացրեց հանդիսատեսին՝ կատարելով իր ամենահայտնի եւ սիրված երգերը։
Գարուն համոզված էր` երեկոն կլինի ջերմ ու ընտանեկան, և դրա վառ ապացույցը բոլոր կատարումներից հետո բուռն ծափողջույններն ու ջերմ արձագանքն էին: Բացի իր երգերից, Գարուն կատարեց նաեւ Շառլ Ազնավուրի, Միշել Լեգրանի, Ջո Դասենի, Բոբ Մառլիի և այլ անվանի արտիստների ստեղծագործություններ: Նա խոստովանեց, որ իր համար հատկապես անկրկնելի է ու յուրահատուկ «Շերբուրգյան հովանոցներ» ֆիլմի երաժշտությունը, որի հեղինակը Միշել Լեգրանն է:
Ջերմ հանդիսատեսն առանձնահատուկ ոգևորությամբ ունկնդրեց Ազնավուրի La bohème, Emmenez-moi հանրահայտ ստեղծագործությունները: Այս տոնն իրականություն դարձավ «Երևանյան հեռանկարներ» միաջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում, և այս տարի այն ունի առանձնահատուկ նշանակություն, քանի որ Հայաստանը տոնում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն իր լիիրավ անդամակցության 10-ամյա հոբելյանը։ Արտիստը ևս մեկ համերգով հանդես կգա այսօր` ապրիլի 22-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: