«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․

«Արցախյան հիմնախնդրի հիմքում էլ է ազգերի ինքնորոշումն ընկած, բայց Արցախի Հանրապետության անցած անկախության ուղին էականորեն տարբերվում է այսօր տասնյակ երկրների կողմից ճանաչված Կոսովոյի անկախացման գործընթացից, հատկապես՝ ինքնորոշման իրավունքի կայացման իրավական հիմնավորվածության առումով: Արցախն ինքնորոշվել է ԽՍՀՄ-ից եւ իր այդ իրավունքը հռչակել է միասնական սուբյեկտի՝ ԽՍՀՄ-ի Սահմանադրության եւ օրենքների հիման վրա, որոնցով սահմանված են եղել ինքնորոշվելու իրավական հիմքերը: Ավելորդ չէ հիշատակելը, որ հենց այդ նորմերով էլ առաջնորդվել են 14 խորհրդային հանրապետությունները՝ դուրս գալով ԽՍՀՄ-ի կազմից, որոնց անմիջապես ճանաչեց ՄԱԿ-ը:

Արցախում ավելի քան երեք տասնամյակ ընթացող ինքնորոշման իրավունքի համար պայքարն այդպես էլ դեռ լուծում չի ստացել: Չեն կարգավորվում նաեւ նմանատիպ տասնյակ հակամարտությունները, որոնք  ապակայունացնում են իրավիճակը ողջ աշխարհում՝ դառնալով միլիոնավոր մարդկանց զոհվելու եւ տեղահանվելու պատճառ: Իսկ լուծում չեն ստանում հենց Պուտին-Գուտերեշ դեբատի տրամաբանության պատճառով, երբ աշխարհում մի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչվում է աշխարհաքաղաքական նպատակահարմարությունից ելնելով, իսկ մյուսներինը՝ ոչ՝ կրկին նույն պատճառով:

Ժամանակն է, որ ՄԱԿ-ը լուծում տա այս գլոբալ խնդրին, քանի որ այն համայն մարդկության ռեսուրսներն է միայն կլանում, այն դեպքում, երբ այսօր առավել սպառնացող գլոբալ հիմնահարցեր կան՝ սկսած էկոլոգիական, առողջապահական խնդիրներից մինչեւ Երկիր մոլորակի բնակչության կերակրումը»: 

 
366